Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղարաբաղի ընդհանուր մելիքությունների վերաբերությամբ (եր. 149)։

Այնուամենայնիվ, շահը, որովհետև ներքինի էր, զավակ չուներ, որդեգրեց «Հրաշագործ—Ազրայելի» որդի Ապրես Բեկնազարյանին («Գաղտնիք»—ի երկրորդ հեղինակին) և նրա անունը Ալահվերդի (Աստվածատուր) կոչեց, որովհետև աստված նրան մի զավակ պարգևեց (եր. 136)։ Այդ մասին խոսվեցավ Դ—րդ գլխում:

Իսկ նրա հորը շնորհեց զորավարության աստիճան և պահեց յուր մոտ (եր, 170, 171, 172, 222)։

Այստեղից է սկսվում հայր և որդի Բեկազարյանների երևակայական ծառայություններ պարսից երեք թագավորների մոտ, որի մասին խոսվեցավ նախորդ գլուխներում։

Պետք է ուղեղի սաստիկ հիվանդություն ունենալ այս տեսակ ցնորքներն իբրև պատմություն ներկայացնելու համար։ Չկա մեկը պարսից վերջին թագավորների մեջ, որ Աղա—Մամադ—շահի նման սիրելիս լիներ յուր զինվորներին։ Եվ չկա մեկը, որ նրա նման վրեժխնդիր և ոխակալ չիներ։ Նա պատրաստ կլիներ ամբողջ հայոց ազգը ջնջել յուր զինվորներից մեկի մի կաթիլ արյան համար։ Իսկ նրա զորքերին և զորապետներին կոտորում են, նա փոխանակ վրեխնդիր լինելու, այս տեսակ վարձատրություններ է անում…

Ահա՛ այն պատկերը, որ նկարելու համար Մակար վարդապետը սպառել է յուր հանճարի բոլոր զորությունը,— ահա՝ այն փայլուն գոհարը, որ զարդարում է «Գաղտնիք»—ի ճակատը։

Է

Նախորդ երկու գլխում ծանոթացանք այն պատկերի հետ, որ «Գաղտնիք»—ի զարդն էր կազմում,—ծանոթացանք և այն հերոսների հետ, որոնց Մակար վարդապետը ներկայացնում է նորագյուտ պատմական անձնավորություններ։

Հայ սուրբը գրել է իբրևայդ պատկերը միայն, բայց ոչ իբրև պատմություն, այլ իբրև մի փոքրիկ վեպիկ։

Հայ սուրբը ինքը խնածախցի գոլով, այդ գյուղն ընտրել է իբրև ասպարեզ յուր վեպիկի մեջ կատարած գործողությունների»

Եվ այդ շատ բնական է։ Մեր բոլոր փոքրիշատե հայտնի վիպասանները գյուղացիներ են եղել։

Յուրաքանչյուրը յուր վեպերի նյութը առել է յուր հայրենական գյուղից։ Աբովյանցը