Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

скоро народа — այդ տեսնելուց հետո կարծեմ Մակար վարդապետը մի փոքր պիտի կարմրեր, մտածելով, որ թղթերի այդ ամբողջ արխիվը անկարելի էր ծոցի գրպանում պահել…

Հարկավոր է կրկին վերադառնալ դեպի վերևում հիշված 7 պատմագրները և դեպի նրանց թվով 15 գրավոր վաստակները, որոնք այնպիսի տարաբախտ վիճակի ենթարկվեցան,— ասում եմ հարկավոր է այն նպատակով, որ դրանով պետք է բացատրվի «Գաղտնիք»֊ի հեղինակի մի նոր օյինբազությունը: Ուրիշ ավելի հարմար բառ հազիվ թե կարելի է գտնել մի նենգավոր վարմունք արտահայտելու համար։


Այն բոլոր նախամտածությունները, — 15 պատմական մատյանների զանազան տեղերում թաքցնելը և անհայտացնելը,— նրանց միայն մի-մի օրինակ լինելը, — այդ գրքերի Բաղդասար միտրոպոլիտի ջանքերով գտնված օրինակների դարձյալ անհայտանալը Շուշիի առաջնորդարանի գրադարանից,— Աբրահամ Բեկնազարյանի գրպանում մնացած թղթերի ոչնչանալը,— այդ բոլորը կրկնում եմ, սկսյալ 15 պատմագրների թաղումից, մինչև «Գաղտնիք»-ի բնագրի թաղումը, որ կատարվեցավ Մակար վարդապետի ձեռքով,— այո՛, այդ բոլորն ինքնըստինքյան, ծագեցնում է մի միտք, մի խորին տարակուսանք. տեր աստված, ի՞նչ մի ճակատագրական անեծք կար այդ դժբախտ գրավոր վաստակների վրա, որ այսպես ցավալի կերպով դատապարտվում են կորստյան, որ այսպե՛ս ոչնչանում և անհետանում են…

Այդ խնդիրը պարզելու համար, նախ՝ պետք է պարզել այն հարցը, արդյոք հիշյալ 15 մատյանները և նրանց 7 պատմագրների խումբը որևէ ժամանակ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։


7 պատմագիրների մեջ միայն երկու անուններ կան, որ մեզ բավական հայտնի են։ Մնացած հինգը ես թողնում եմ Մակար վարդապետին ապացուցանել, արդյոք որևէ ժամանակ գոյություն ունեցե՞լ են, կամ պատմություն գրե՞լ են, թե ոչ։ Մեզ հայտնի անունները դրանք են.


1) Երեմիա կաթողիկոս Հասան֊Ջալալյան, գահակալ Գանձասարա վանքի, օծվեցավ 1675 թվին, վախճանվեցավ 1700 թվին։

2) Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյան, գահակալ Գանձասարա վանքի, օծվեցավ 1701 թվին, վախճանվեցավ 1726 թվին:

Վերջինը առաջինի եղբոր որդին էր։

Առաջինը՝ Երեմիա կաթողիկոսը, արդյոք գրե՞լ է