Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործողությունների ու հարաբերությունների կապերը նրանց ձեռքումն է… Դրանք, մինչև անգամ նստում են թագավորների, թագավորազների և պետական բարձր անձիքների մոտ, նրանց հետ վիճում են, նրանց հանդիմանական խոսքեր են ասում և նրանց հետ դաշնակցական պայմաններ են կապում…

Ես Մակար վարդապետի 70—80 հերոսներին մեծ զիջումներով իրան կնվիրեի, եթե գոնե մեկի անունը նա ցույց տար մի որևէ պատմության մեջ։ Ղարաբաղի մասին շատերն են գրել, բայց ոչ մեկի մեջ Մակար վարդապետի «Զարբազանների» և «Վիշապների» անուններ չեն երևում։

Եվ վերջապես այդ հսկաները, ինչպես վերևում հիշեցի, դարավոր կյանք ունեին, ապրեցին 1700 թվականներից մինչև 1840-ական թվականները [1]:, և վերջին թվականներից կենդանի Ղարաբաղում հազարավոր մարդիկ կան։ Ինչպե՞ս եղավ, որ հսկաներից ոչ մեկին չտեսան…

«Գաղտնիք»-ի պատմական մասը այսպես աղավաղված է:

Մնում է մի քանի խոսք ասել այն անթիվ թղթակցությունների մասին, որոնցով լի է այդ գիրքը։

Թղթակցությունները «Գաղտնիք»-ի ամենածիծաղելի կողմն են ներկայացնում։ Ս. Պետերբուգի և Թեհրանի դիվաններից որքան պաշտոնական թղթեր են գրվում, որոնց խորհուրդը պետք է գաղտնի պահվեր, բոլորի կամ բովանդակությունը, կամ ամբողջ օրինակները մնում են «Գաղտնիք»-ի մեջ։ Ռուս կամ պարսիկ պաշտոնակալները ինչ թղթեր են գրում իրանց կառավարություններին,— նրանց օրինակները դարձյալ մտնում են «Գադտնիք»-ի մեջ։ Հայոց կաթողիկոսների, եպիսկոպոսների, մելիքների և այն բոլոր անձանց, որոնք քաղաքական որևէ դեր են խաղում, թղթակցությունները դարձյալ ընդարձակ տեղ են բռնում այդ գրքում։

Անդրկովկասի խաները ծածուկ նամակներ են գրում պարսից թագավորներին,— նրանց պատճեններն ևս կան այստեղ։— Մի խոսքով չէ կատարվում ոչ գաղտնի գրավոր հարաբերություն, որ «Գաղտնիք»-ից ծածուկ մնար։ Ամեն տեղ «Շեյթաններ» (սատանաներ), ամեն տեղ «Դևեր» (դևեր) կան և խաբարը իսկույն տանում են…

Մարդ զարմանում է, թե որքան հեշտացրել է Մակար վարդապետը այդ ժամանակների հաղորդակցությունները։ Երբ

  1. Ես 1840-ական թվականներն եմ վերառնում, որովհետև այդ ժամանակ է գոցվում «Գաղտնիք»-ը