Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերևից դարսած էին երեխաների ձեռքով պատրաստած աթոռները սիսեռից ու փայտերից։

Կրոնական ծեսը կատարելուց և ուսումնարանը օրհնելուց հետ հայր Մամբրե վարդապետը բարձրացավ ամբիոնի վրա։ Գերապատիվ հայր սուրբը, հայտնելով իր սրտի խորին ուրախությունը հայ կանանց գործունեության մասին, աշխատեց բացատրել մանուկների կրթության նշանակությունը իր ատենաբանության հիմնական միտքը ընդունելով այն թե՝ մարդը կորցնում է իր մարդկային նշանակությունը, եթե նա կրթված, դաստիարակված չէ։

Հայր սուրբը հիշեց պատմական այն դեպքը, թե երբ ծնվեց երևելի Ալեքսանդր Մակեդոնացին. նրա հայր Փիլիպոսը իսկույն ևեթ նամակ գրեց երևելի փիլիսոփա Արիստոտելին, հրավիրելով նրան դաստիարակել իր որդուն։ Ահա թե ինչպես էր նայում թագավորը կրթության վրա։ Երկինքը ինձ զավակ պարգևեց, գրում էր նա Արիստոտելին, բայց ես այնչափ ուրախ չեմ զավակին, որչափ նրա համար, որ աստվածները ինձ զավակս շնորհեցին այն ժամանակ, երբ ապրում է այնպիսի փիլիսոփա, որպիսին դուն ես, և որին կարող եմ հանձնել որդուս կրթությունը։ Ես շնորհակալ եմ աստվածներից, որ ինձ միջոց տվեցին որդուս քո ձեռքով դաստիարակելու։

Իր խոսքը հայր վարդապետը վերջացրեց, հրավիրելով հասարակությանը հետևել հարգելի տիկիններին և օրիորդներին, որոնք չեն խնայում իրանց թե բարոյական, թե մտավոր և թե նյութական ուժերը ազգային գործը` հայոց երեխաների, փոքրիկ, նյութապես բոլորովին խեղճ երեխաների դաստիարակության համար։

Հայր սուրբից հետո խոսեց թեմական վերատեսուչ պ. Գ. Բարխուդարյանը։ Նրա խոսքերը կարճ, պարզ և ազդու էին։ Նա հիշեց այն, որ մի ժամանակ, երբ հայերի կրոնին՝ քրիստոնեությանը, վտանգ էր սպառնում, հայը ոչինչ չխնայեց իր այդ սրբությունը պաշտպանելու. նա իր արյունով պաշտպանեց իր կրոնը, իր եկեղեցին։ Հայը աշխատեց ամեն տեղ հաստատ պահել իր կրոնը, նա այդ նպատակով սկսեց ամեն տեղ կառուցանել վանքեր, եկեղեցիներ, ապացույց խոսքերիս, ասեց պատվելի ատենաբանը, այն ավերակներն են, որոնցով ծածկված է Հայաստանը։ Իսկ այժմ, շարունակեց նա, ժամանակները փոխվել են, փոխվել են նույնիսկ պահանջները. այժմ հայտնվել է պահանջ մանկավարժության զարգացման, այժմ մենք տեսնում ենք, որը