Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն տեղ բացվում են ուսումնարաններ, ուր պետք է դաստիարակվեն հայ մանուկները: Ահա ձեր առաջը կանգնած են այդ փոքրիկ երեխաները, այդ երեխաներին նանիկ են ասել օտար լեզվով, գգվել, փայփայել են օտար լեզվով, այդ երեխաներից համարյա ոչ մինը չէ իմանում մի խոսք անգամ իր մայրենի լեզվով և դրանք այստեղ, այս հիմնարկության մեջ, պետք է ստանան այն, ինչ չի տվել կամ չէ կարողացել տալ ընտանիքը, գերդաստանը, այստեղ այդ մանուկները պետք է դաստիարակվեն, այստեղ պետք է սովորեն իրանց մայրենի լեզուն:

Պ. թեմական վերատեսուչը իր խոսքը վերջացրեց նույնպես դիմելով հասարակությանը — նյութապես օժանդակել նորաբաց ուսումնարանին, որը պետք է հոգա մանուկների ոչ միայն դասական պարագաների համար, այլև հագուստի ու նախաճաշիկի։

Դրա համար առաջարկվեց հասարակությանը մի մատյան, որի մեջ գրվելու են թե ուսումնարանի բարերարները, որոնք վճարել են տարեկան 10 ռուբլի և թե միանվագ նվիրատվություններ։

Պ. թեմական վերատեսչի ատենաբանությունից հետո աշակերտները և աշակերտուհիները բավականին հաջող երգեցին՝ «Ո՜վ երկնքի և երկրի արարիչ և այլն» երգը և դուրս եկան դահլիճից։

Այժմ մի փոքր պետք է կանգ առնենք հարգելի տիկին Բաբայանի ճառի վրա, որ կես ժամից ավելի տևեց։

Մանուկների երգից հետո ամբիոնի վրա բարձրացավ հարգելի տիկինը և խոսեց իբրև Ֆրեոբելյան խմբի ներկայացուցիչ։ Տիկին Բաբայանը սկսեց իր ճառը. կանխապես ներողություն խնդրելով հասարակությունից, որ իրան շփոթված է զգում ամբիոնի սովոր չլինելու պատճառով։ Թեև պատվելի տիկինը համեստաբար հայտնեց իր ամբիոնին անսովոր լինելը, բայց նա այնքան գեղեցիկ, պարզ, առանց շփոթվելու, հավասար ու հաստատ ձայնով խոսեց, որ կարող էր պատիվ բերել ամեն մի եվրոպական ատենաբանի։

Մենք այդ օր առաջին անգամ տեսանք հայ տիկնոջը ամբիոնի վրա խուռն բազմության առաջ խոսելիս… հայ կինը և հասարակական ամբիոնը։ Ո՞ր հայ մարդու սիրտը չէր բաբախի այդ տեսարանից։ Հայ կինը անվախ, համարձակ բարձրանում է ամբիոնի վրա և խոսում է այնպիսի մի նյութի վրա, որպիսին մանուկների դաստիարակությունն է։ Մենք ակամա հիշեցինք օր. Գլեբովային, որ մի քանի տարի առաջ Կրուժոկի դահլիճում հրապարակական դասախոսություններ կարդաց ռուսաց լեզվի դասատվության եղանակի մասին։ Այն ժամանակ մենք ամենքս

4 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ, X