Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որքա՜ն «աապրի՞ք, վուրթիք. զորանա՜ք էր քսվում հանդիսականների միջից… Այդ՝ ծնողները օրհնում էին իրանց բարերարներին…

Մի սրտաշարժ տեսարան, մի ապացույց, որ հայ կինը զարթել է, նա խոսում է, նա գործում է…

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ

Շատերը անհամբերությամբ հարցնում են, թե ինչու է հետաձգվում «Կայծերի» տպագրությունը, արդյոք այդ վեպը տպվելո՞ւ է, թե ոչ։

Այդ անհամբերությունը ես բոլորովին իրավացի եմ գտնում, առավել այն պատվելի պարոնների կողմից, որոնք «Կայծերի» բաժանորդ են գրվել, և որոնցից ես փող եմ ստացել։

Բայց «Կայծերի» տպագրության մինչև այսօր ուշանալու պատճառը ոչ իմ ծուլությունն է եղել և ոչ մի այլ նպատակ… կային պատճառներ, որոնց ես հրապարակավ անհարմար եմ համարում բացատրել… իսկ գլխավորն այն էր, որ այդ վեպը ես կամեցա բաժանորդագրությամբ տպագրել։

Շատ հասկանալի է, երբ մի հեղինակ դիմում է հասարակությանը և նրանից կանխիկ փող է խնդրում, որ փոխարենը գիրք տա, պետք է հավաքված գումարը գոնե այն քանակությանը հասնի, որ ծածկե տպագրության ծախքը։ Բայց դժբախտաբար այդ չհաջողվեցավ ինձ. ես չստացա այնքան բաժանորդներ, որքան սպասում էի, իսկ սակավաթիվ բաժանորդներից գոյացած գումարը թղթի ծախքն անգամ չէր բավականացնում։

Մեղադրելու մեր հասարակության սառնասրտությունը ես ցանկություն չունեմ, քանի որ ընթերցանությունը մեր մեջ դեռևս պահանջ չէ դարձել, քանի որ կոշկակարի արդյունաբերությունը շահ է տալիս, իսկ գրական վաստակը դժբախտացնում է գրողին…

Այսուամենայնիվ, իմ սակավաթիվ բաժանորդներին երկար սպասել չտալու համար, ես կշտապեմ որքան կարելի է շուտով տպագրել «Կայծերը»։ Ծախքերի պակասը կլրացնեմ պարտքերով։

Վեպի բնագիրը արդեն հանձնված է ցենզորին. թույլտվություն ստացածին պես կսկսվի տպագրությունը։