Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նշաններն են։ Եվ բոլորը միասին վեր առած կազմում են մի ամբողջություն…

Թե ի՞նչ կպատասխանեն Աղայանց, Բարխուղարյանց և Պոոշյանց-այդ իրենց գործն է։ Իսկ իմ մասին հայտնում եմ, որ ես կատարյալ անպատվություն կհամարեմ «Մեղուի» ժամացույցի սլաքի ներքո ժամանակ որոշող նշաներից մեկը լինել։ Ես երբեք համերաշխ, համամիտ, համակամ չեմ եղել «Մեղուի» հետ և բնավ լինելու չեմ, քանի որ նա իր ուղղությունը չի փոխի։ Ես «Մեղուի» հոբելյանի տոնախմբությունը համարում եմ մի բիծ հայոց գրականության պատմության մեջ, որը երբեք չի սրբվի։

Գուցե պ. Սպանդարյանին այն է առիթ տվել մտածելու, թե ես համերաշխ եմ «Մեղուի» հետ, որ մենք մեր մասնավոր խոսակցությունների մեջ, շատ հարցերում, շատ անգամ համաձայնվել ենք միմյանց հետ։ Բայց եթե պ. Սպանդարյանը նույն մրաքերը գրի առներ և առաջարկեր «Մեղուի» պ. խմբագրին տպելու համար, ես հավատացած եմ, որ պ. Սիմոնյանցը իր խմբագրական կարմիր մատիտով կքաշեր երկու խաչաձև գծեր նրա հոդվածի վրա և կձգեր զամբյուղի մեջ։

Ինքը Մեղուի» պ. խմբագիրը շատ լավ գիտե, որ իմ և իր լրագրի մեջ ոչինչ առնչություն չկա, ուրեմն և մտքերի ու գաղափարների համերաշխություն լինել նույնպես աներևակայելի է։ «Մեղուի» պ. խմբագիրը գիտե, որ ես «Մշակի» գաղափարների ամենամոլեռանդ քարոզողներից մեկն եմ և պ. Սիմոնյանցը մի քանի տարի առաջ, կամենալով բացատրել իմ հարաբերությունները այդ լրագրի հետ, բավական հաջողակ կերպով արտահայտեց իր կարծիքը իմ մասին մի հայկական առածով, թե «կճուճը գլորվեցավ, իր խուփը գտավ…»։ Նրա կարծիքով ես կճուճն էի, իսկ «Մշակը» — իմ խուփը։

Այժմ ի՞նչ հրաշքով պ. Սպանդարյանը միևնույն ամանի մեջ գտնում է «Մեղուի» ամբողջ մտքերը…

Պ. Սպանդարյանին պետք է լավ հայտնի լինի, որ «Մշակի» մեջ և «Մշակի» դրոշին պատկանող մեկը չէ կարող «Մեղուի» հետ համերաշխ լինել,— և ոչ «Մեղուն» «Մշակի» մեջ գրողին կարող է իր բարեկամ կամ համամիտ համարել։ Այդ ընդհակառակն, «Մեղուն» միշտ աշխատել է հալածել, հարվածել «Մշակի» կուսակիցներին,— այդ պետք է պ. Սպանդարյանին լավ հայտնի լիներ։ Շեշտում եմ պ*. Սպանդարյանին, որովհետև նա ինքը շատ անգամ