Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փորձել է «Մեղուի» հարվածներն իր անձի վրա, այն ժամանակ, երբ ինքը նույնպես «Մշակի» կուսակցությանն էր պատկանում և «Մշակի» մեջ էր գրում։ Գուցե նա այժմ մոռացել է այդ ապտակները, բայց հետքերը մինչև այսօր էլ մնում են…

Մի բան, որի մեջ հաջորդաբար է վարվել քսանհինգամյա «Մեղուն», մի բան, որի մեջ բնավ չի շեղվել նա իր ուղղությունից,— այդ այն է, որ «Մեղուն» միշտ հալածել է, միշտ հալածել է իր ժամանակում հայտնված փոքրիշատե արտակարգ ուժերին (որոնց գաղափարների ամփոփումն է այժմ ձևացնում իրեն) «Մեղուն» աշխատել է մինչև անգամ բարոյապես մեռցնել նրանց, որ ինքը բարձրանա նրանց դիակների կույտի վրա, բայց միշտ ինքը ցած է գլորվում: Նա հալածել է Նազարյանցին, Նալբանդյանցին, Այվազովսկուն։ Նա հալածել է և ինձ։ Նա աշխատել է թե դրական վաստակները և թե իմ անձնավորությունը միշտ սև գույնով ներկայացնել հայ հասարակությանը։

Կբերեմ շատ փաստերից մի քանիսը միայն.

Ես գրեցի «Հայ երիտասարդությունը»— «Մեղուն» իր հատուկ քաղաքավարությամբ ինձ կոչեց «թուլուղչի»։

Ես գրեցի «Հայ կինը»— «Մեղուն» իր անմաքուր մատներով սկսեց շոշափել իմ ընտանեկան կյանքը։

Ես գրեցի «Ջալալեդդինը» և «Դավիթ Բեկը» — «Մեղուն սկսեց ինձ ցույց տալ որպես խռովարար։

Ես գրեցի «Քրդական միությունը» — «Մեղուն» աշխատեց ապացուցել, որ քրդերը ավելի բարձր ազգ են, քան թե հայերը։

Ես գրեցի «Ի՞նչ կապ կա մեր և Թուրքիայի հայերի մեջ» հոդվածը,— «Մեղուն» ինձ հրատարակեց որպես բողոքական։

Դեռ «Խաչագողի հիշատակարանը» տպված չէր, այլ ձեռագրի մեջ կարդացվում էր զանազան շրջաններում,— «Մեղուն» ինձ կոչեց «խաչագող», ա՛յն «Մեղուն», որ մինչև այսօր էլ պաշտպանում է մի անձնավորություն, որը ծածուկ հալել տված խաչերը Թիֆլիսում փութերով վաճառում էր[1]։

Վերջապես ես գրեցի «Խենթը»,— «Մեղուն» նրա մեջ ոչ մի նոր միտք չգտավ, այլ ասաց, որ այդ աշխատությունը «Մշակի»

  1. Այդ դեպքում «Մեղուն» մեղադրելի չէ, որովհետև նա ուխտել է լինել հայաստանյանց սուրբը եկեղեցու պաշտպան և այդ պաշտպանությանը պետք է արտահայտե նրանով միայն, որ բոլորը կատարված զեղծումների մասին խոհեմությամբ լռե, ինչպես լոություն է պահպանում Մանկունու և ընկերության կատարած քաջագործությունների վերաբերությամբ։ Ծան. նեղ.