Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատասխանել, արդյոք ես հասկացել եմ, թե ոչ) թե նա, այսինքն` պ. Սպանդարյանը կամեցել է ասել, որ Ռաֆֆին իր վեպերով, երբեմն երևացող և երբեմն դադարող կետերից մեկն է, իսկ «Մեղուն» քսանհինդ տարի շարունակ կանոնավորապես գործող լրագիր է, ազգային կյանքում շարունակ մշակող գործիչ Է։

Պ Սիմոնյանցը կարծում է, որ վեպը փռնչու հաց է, և կարելի է ամեն օր, քանի հատ կամենաս թխես, ինչպես քսանհինգ տարի շարունակ թխել է նա «Մեղուի» դատարկ համարները:

Եղել են հեղինակներ, որոնք իրենց ամբողջ կյանքում, քսան-երեսուն տարի աշխատել են և միայն մի վեպ են գրել և իրենք մնացել են անմահ և նրանց գիրքը մինչև դարերի վերջը կկարդացվի։ Իսկ եթե այսօր դադարեց «Մեղուն», հինգ օրից հետո ոչ ոք չի հիշի, թե արդյոք եղե՞լ է այս աշխարհում մի որևիցե Սիմոնյանց, թե ոչ։ Նրա անունը կմեռնի իր թերթի հետ։

Բայց պ. Սիմոնյանցը իմ աշխատությունները վեպ չի կոչում, այլ «հեքիաթներ» է համարում այն ևս ծաղրական մտքով. «Դեռևս քննելի են այդ հեքիաթները,— ասում է նա,— թե վիպասանության որ ճյուղին են պատկանում և իրոք արժանի են այդ անունը կրելու»։

Իրավ է, իմ վեպերի մասին, որքան հիշում եմ, մեր պարբերական հրատարակությունների մեջ հիմնավոր կրիտիկա չէ եղել. տպվել են միայն մասնավոր նկատողություններ: Բայց գրվել է մի ընդարձակ կրիտիկա, այն ևս «Մեղուի» մեջ տպված, կարծեմ 81 թվականում։ Այդ հոդվածի մեջ կրիտիկոսը համեմատելով ինձ մեր մյուս գրողների հետ, առաջին տեղն է տալիս իմ վեպերին, և հայտնում է այն միտքը, որ եթե պետք լիներ մեր գրականությունից մի բան թարգմանել և տալ օտարազգիներին, — դա պետք է լինի Րաֆֆիի վեպերից և այլն։

Այս տողերը մեջ բերելով ես նպատակ չունեմ որևիցե նշանակություն տալ «Մեղուի» գովասանքներին։ Նրա գովասանքները իմ վերաբերությամբ նույն նշանակությունը ունեն, որպես նրա հայհոյանքները։ Այլ հիշեցի այն նպատակով, որ հաստատեմ իմ հոդվածի սկզբում դրած առածը, թե «ստախոսները հիշողություն չունեն» այսօր այս կասեն, մյուս օրը ուրիշ տեսակ կխոսեն։ մի քանի տարի առաջ «Մեղուի» կարծիքով իմ վեպերը պատիվ կբերեին հայոց գրականությանը, եթե օտար լեզուներով թարգմանվեին, իսկ այժմ նույն «Մեղուի» ասելով նրանք «հեքիաթներ» են։