Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչո՞ւ ենք հեռու գնում։ «Մեղուի» միևնույն համարում (№ 11), ուր գծի տակ պ. Սիմոնյանցը իմ վեպերը կոչում է «հեքիաթներ», գծի վերի հարկում տպում է հետևյալ տողերը.

«Գլխավորապես «Մշակին» ամենազորավոր զարկ տվողը և տարածողը եղավ մեր ամենից հարգելի Րաֆֆին, որը իր գեղեցիկ և գողտրիկ գրչով գրավեց իր ընթերցողների ուշադրությունը յուր մի շարք վեպերով: (Հետո հիշելով վեպերի անունները, շարունակում է.) «Թող ներվի մեզ ասել, որ մեծ Րաֆֆին «Մշակը» բռնի կերպով տարածեց իր գեղեցիկ վեպերը զետեղելով այդ լրագրի մեջ»։

Հիմա որի՞ն պետք է հավատալ, գծի վերին գովասանքների՞ն, թե գծի տակի հայհոյանքներին: Երկուսն էլ միևնույն համարի մեջ տպված:

Դա նմանվում է այն բանին, երբ մեկը վերևից շողոքորթություններ է անում, իսկ ներքևից ոտքով ծածուկ քացի է տալիս։

Այսպիսի վարմունքի ընդունակ է միայն «Մեղուի» պ. խմբագիրը, որը գոնե այնքան պատկառանք չունի, որ համարձակվում է դարձյալ միևնույն համարի առաջնորդող հոդվածի մեջ խոսել մամուլի ազնվության վրա: Մի՞թե մամուլի ազնվություն է այդ, նույն համարի մեջ մեկին համ մինչև երկինք բարձրացնել, համ աշխատել մրոտելու նրան։

Հիմա դառնանք դեպի «խաչագողների» հարցը։ Ինչպես երևում է, այդ բառը պ. Սիմոնյանցին շատ դուր է եկել, և անդադար գործ է ածում, դարձյալ միևնույն համարում։

Ես հավատացած եմ, եթե անմահ Շիլլերը և՛ «Մշակի» մեջ տպեր իր «Ավազակներ» անունով գեղեցիկ դրաման, պ. Սիմոնյանցը հեղինակին կկոչեր ավազակ, որովհետև նկարել էր մի այնպիսի սարսափելի տիպ, ինչպես է Ֆրանց Մորը։

Նույնպես, եթե էմեն Սուն հայ լիներ, հայոց լեզվով գրեր իր «Թափառական հրեան», պ. Սիմոնյանցը նրան կկոչեր կամ թափառական հրեա, կամ եզվիտ, որովհետև պաշտելի հեղինակը իրան թույլ էր ավել նկարագրել եզվիտների կեղտոտությունները և դուրս բերել Ռոդենի նման հրեշավոր տիպերը,— մանավանդ, որ հեղինակը եզվիտների հայրենիքից էր և այդ ավելի իրավունք կտար պ. Սիմոնյանցին նրան եզվիտ կոչելու։

Պ. Սիմոնյանցի լոգիկայով, ես էլ «խաչագող» եմ, որովհետև խաչագողների հայրենիքիցն եմ, որովհետև խաչագողների կյանքում մի վեպ եմ գրել:. (Կարծես թե, ես մեղավոր եմ, որ ծնվեցա