Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինքը պ. Սիմոնյանցը այսպես է բացատրվում խաչագողի նշանակությունը. «խաչագողություն է միամիտ ժողովուրդները հանուն սուտ քրիստոնեության, հանուն բարեպաշտության հարստահարելը, գողությամբ, խաբեբայությամբ, խարդախությամբ և այլ սրանց նման սխրագործություններով»։ (Պ. Սիմոնյանցը իմ գրած բանը ինձ է ուզում սովորեցնել)։ Հիշյալ մտքերի համեմատ ես կբերեմ մի քանի տող «Խաչագողի հիշատակարանից»։

«Խաչագողը գիտե մարդկային հասարակությունների թույլ կողմերից օգուտ քաղել։ Այդ թույլ կողմերից ավելի դյուրախաբը, ավելի հեշտ հրապուրվողը կրոնական զգացմունքն է: Խաչագողը ամենայն ճարպկությամբ հարստահարում է այդ սրբազան զգացմունքը»։ (Տե՛ս «Մշակ» 21):

Կարծեմ ես և պ. Սիմոնյանը երկուսս էլ համաձայն ենք մեր մտքերի մեջ։

Հիմա բերենք մի քանի օրինակներ.

Խաչագողություն չէ՞, երբ մեկը 55 թվականներում իրեն ներկայացնում է որպես պարագլուխ այն խումբի, որոնք աշխատում են բողոքականություն տարածել հայերի մեջ, և որոնց վրա Թիֆլիսի փողոցներում, քարեր էին գցում,— իսկ երբ միևնույն պարոնի համար գցեցին մի հայոց դպրոցի դռանը մի կտոր հաց, նա թողեց բողոքականությունը և սկսեց իրեն ձևացնել լուսավորչական եկեղեցու ջերմ պաշտպան, որովհետև վերջինը ավելի շահավետ էր։

Բերենք ուրիշ օրինակներ ևս.

Խաչագողություն չէ՞, իր ամբողջ կյանքում այս և այն հայր սուրբի հետ մասլահաթներ անել, ամեն ստորություն հանձն առնել, և մինչև անգամ կավատության պաշտոն կատարել, որ կարելի լինի նրանց քսակի ծուծը ծծել։

Խաչագողություն չէ՞ իրան ձևացնել բարոյականության դաստիարակ, և մի սուրբ հիմնարկություն սոդոմ դարձնել։

Խաչագողություն չէ՞, ներելի համարել զգեստներ, խաչեր և արծաթյա անոթներ հալելը, թանգարաններ կողոպտելը, և հանուն լուսավորության, հանուն կրոնի, հարյուր հազարներ հավաքելը և օտար երկիր ուղարկելը։

Այսպիսի շատ օրինակներ կարող էի բերել ես, բայց այդքան էլ բավական է, ցույց տալու համար, որ հանուն եկեղեցու,