Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամեն օր փայտ կրողը գալիս է, ուզում է այս ծառր կտրել, բայց ես արգելում եմ, չեմ թողնում։ Եթե նա ծառը կտրելու լինի, բույնը կքանդվի և քո ճտերը էլ կենդանի չեն մնա»։ Միամիտ արագիլը հավատում է նրա խոսքերին և ամեն օր տալիս էր իր ճտերից մի-մի հատ, որ նա ուտի, որպեսզի իր բույնը հաստատ մնա և գոնե մնացած ճտերը ազատվեն վտանգից։ Մի անգամ օդի միջից անցնում էր թռչունների արքան` արծիվը։ Երբ նա լսեց աղվեսի միևնույն խոսքերը, ասաց նրան. «Տո՛ ողորմելի թշվառական, դու ի՞նչ ես, որ կարողանաս պահպանել այդ հաստարմատ կաղնին փայտ կտրողից. դու քո փորի համար ես միայն մտածում…»։ Այդ խոսքերի հետ արծիվը իր զորավոր ճանկերով հափշտակեց մերձակա բլուրից մի ժայռի կտոր, և վերևից նետեց խաբեբայի գլխին: Նա հոգին տվեց, ասելով. «Իմ մեղքերի համար պատժեց ինձ աստված։

Այսքանը բավական է խաչագողի և խաչագողության մասին Պ. Սիմոնյանցի գրվածքի մեջ մնում է երկու կետ, որ չեմ կարող առանց պատասխանի թողնել։

Պ. Սիմոնյանցը մութ կերպով խոսում է ինչ որ անցքի վրա, իբրև թե մեկին թարս նստեցրել են էշի վրա, երեսին մուր են քսել. փողոցներում պտտեցրել են և հետո արտաքսել են մի քաղաքից. Հետաքրքիր կարիկատուրա է. մի այսպիսի պատկեր կարող էր ստեղծել միայն պ. Սիմոնյանցի հիվանդոտ ֆանտազիան։

Եթե Պ. Սիմոնյանը այդ էշավարի պատմությունով կամենում է ակնարկել իմ Պարսկաստանից ազատագրվելու մասին, ես կպատմեմ եղելությունը` որպես կատարվել է, իհարկե, շատ համառոտակի կերպով։

Թավրիզում մի քանի խարդախ հայեր ինձ մատնեցին կառավարությանը։ Իմ Պարսկաստանի մասին տպված գրվածքներից շատերը (նրանց հետ ավելացնելով և այնպիսի գրվածքներ, բոլորովին իմ հեղինակությունը չէին) թարգմանելով ներկայացրին պարսից թե հոգևոր և թե մարմնավոր իշխանությանը։ Աշխատեցին ինձ մեղադրել կառավարության առջև, որպես քաղաքական հանցավոր, իսկ հոգևոր իշխանության առջև` որպես մահմեդական կրոնի հայհոյիչ։ Թավրիզի մուշտայիգը (մոլլաների գլխավորը) մահապարտության վճիռ տվեց իմ վերաբերությամբ։ Այդ վճռից հետո ամեն մի մահմեդական փողոցում պատահած ժամանակ իրավունք ուներ ինձ սպանել և անպատիժ մնալ։ Իմ տունը քարկոծում էին, գիշերները հրացաններ էին արձակում իմ տան