Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավատարիմ հեղինակ է, իսկ պ. Րաֆֆի այդ աշխատությունը ես մի օր անվանեցի մի փառավոր հեքիաթ: Արդարությունից չշեղված լինելու համար պ. Րաֆֆի այս վերջին աշխատության վրա ես ավելացնում եմ, ընթերցող, գույն բաղդատական մասնիկը և ասում՝ «Կայծերը» փառավորագույն հեքիաթ է»:

Տեսնո՞մ եք, որքա՜ն բարձրից են հնչում այդ խոսքերը, որքա՜ն փքված են նրանք, որքա՝ն ինքնավստահություն կա սրանց մեջ: Պ. Հայկունին մի ժամանակ ասել է «Խենթը» մի փառավոր հեքիաթ է, հիմա էլ ասում է «Կայծերը» փառավորագույն հեքիաթ է. պրծավ, գնաց, էլ ի՞նչ գեղարվեստ կարելի է որոնել հեքիաթի մեջ:

Պարոնը, ինչպես երևում է, այնքան տգետ է, որ չի հասկանում հեքիաթի նշանակությունը կամ ի՛նչով է զանազանվում հեքիաթը վեպից: Ոչ Րաֆֆին և ոչ էլ նրանից շատ բարձր գրողներ չեն կարող մի որևիցե հեքիաթ հորինել: Հեքիաթը մի անհատի ստեղծագործություն չէ, հեքիաթը մի ժողովրդի երևակայության ծնունդն է. նրա հեղինակը ինքը ժողովուրդն է: Բանաստեղծը կարող է և իրավունք ունի (ինչպես շատերը արել են) վեր առնել ժողովրդի բերնից մի հեքիաթ և նրան մի առանձին ձև ու գույն տալով, վերստեղծել նրանից մի ամբողջ դրամա կամ մի ամբողջ վեպ: Բայց այդ վեպը, այդ դրաման այլևս հեքիաթ չի լինի, նա հեքիաթ էր այն ժամանակ, երբ դեռ իր բնական պարզության ու կոշտության մեջ գտնվում էր ժողովրդի բերնում: Մեր գրականության մեջ պ. Աղայանցի «Անահիտը» առնված է մի ժողովրդական հեքիաթից: Բայց ո՞ր քննադատը կհամարձակվի ասել, թե նա հեքիաթ է, քանի որ այդ հեքիաթը հեղինակի գրչի տակ բոլորովին ուրիշ ձև և կերպարանք է ստացել:

Ցանկալի կլիներ, որ պ. Հայկունին ցույց տար, թե ո՞ր հեքիաթներից է կազմել Րաֆֆին իր «Խենթը» և «Կայծերը» գոնե այդ հետաքրքիր կլիներ մեր գրականության պատմության համար, որ մեր ժողովրդի երևակայությունն ևս ընդունակ է ստեղծել հեքիաթներ:

Բանը դրանում չէ. պ. Հայկունին կոչում է «Կայծերը» փառավորագույն հեքիաթ, որ իր յախան պպրծացնե, որ ցույց տա, ինչպես ինքն է ասում, «Կայծերի» մեջ նրա համար միայն չի գտնում գեղարվեստական կամ բանաստեղծական արժանավորություններ, որովհետև այդ աշխատությունը վեպ չէ, այլ հեքիաթ է: Դրանում ևս պ. կրիտիկոսը ցույց է տալիս իր խորին անհասկացողությունը: