Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շիվածքի վրա և որ աստիճան այդ աշխատությունը, իրրև վեպ հասնում է իր նպատակին։ Նա միայն նախադասությունների, բառերի, կետադրությունների և զանազան մանր—մունր սխալների ետևից է ընկնում և չնչին բծախնդրություններ է անում։ Այդ է պատճառը, որ նրա ամբողջ 8 համարների մեջ զետեղված կրիտիկան կարդա չուր հետո, ընթերցողը դարձյալ չէ կարողանում մի պարզ գաղափար կազմել, թե ինչ բան է «Կայծերը»:

Դիցուք թե մի մարդ կամենում է ծանոթացնել ձեզ այս և այն նշանավոր շինվածքի հետ, բայց փոխանակ ցույց տալու, թե ճարտարապետության որ ճյուղին է պատկանում, ի՛նչ ճաշակով է շինված, կամ որքա՛ն հարմարություններ ունի բնակության համար, այդ բոլորը թողնում է և միայն ասում է, թե լուսամուտներից մեկը ծուռն է, ծխնելույզներից մեկը իր տեղումը չէ, դռներից մեկը կոտրած է, պատից մի քանի աղյուսներ ցած են թափվել և այլն։ Տարակույս չկա։ որ այդ մանր—մունր նկատողությունները չեն կարող ձեզ ճիշտ գաղափար տալ շինվածքի ամբողջության մասին։ Այս կերպով էլ վարվում է պ. Հայկունին «Կայծերի» վերաբերությամբ։

Նա միայն ամեն ջանք գործ է դնում, որ վեպի մեջ սխալներ ցույց տա, հակասություններ գտնե, անբնական երևույթներ երևան հանե, և որտեղ չկան այսպիսիները, ինքը ամենայն անբարեխղճությամբ հնարում է, ստեղծում է։ Նա վեր է առնում գրքի այս և այն երեսից նախադասություններ կամ նախադասությունների կեսը, վեր է առնում բառեր, և միացնելով, նրանցից իր ցանկացած միտքն է դուրս բերում։ Աղավաղել փաստերը, այլանդակել իրողությունները, շատ հասկանալի է, որ օրինավոր կրիտիկոսը գործ չէ։ Այդ բոլոր զեղծումները ես ցույց կտամ իր տեղում։

Որովհետև պ. Հայկունու հոդվածի մեջ ոչ կապ կա և ոչ կանոնավոր դասավորություն, այլ ամեն ինշ անշնորհք կերպով կարկատած է միմյանց հետ, այդ պատճառով շատ դժվար է մի ամբողջական գաղափար տալ նրա բովանդակության մասին։ Եվ այդ իսկ պատճառով ես պիտի աշխատեմ նրա նկատողությունները կարելվույն չափ դասավորել և մի առ մի վեր առնելով այդ նկատողությունները, ցույց տալ նրանց ամենայն ճշմարտությունից զուրկ լինելը։

Պ. Հայկունին, իր հոդվածի սկզբում «Կայծերի» բովանդակությունը ծուռ ու սխալ կերպով պատմելուց հետո, անցնում է նրա քննադատությանը։ Հենց սկզբից պարոնը աշխատում է ցույց տալ.