Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ «Կայծերը» չէ կարող լինել ճիշտ նկարագիր տաճկահայերի կյանքի, որովհետև հեղինակը չէ ճանաչում այն երկիրը, այն կյանքը, որտեղից առել է իր վեպի նյութը։ Ահա նրա խոսքերը.

«Րաֆֆին տաճկահայերին ճանաչում է միմիայն լրագիրներից և մի քանի անկատար, անճիշտ գրքերից, գուցե և մի քանի ծանոթներից, իսկ դոքա երբեք բավական չեն տաճկահայերի կյանքից «Կայծեր» դուրս ցոլացնելու»։

Պարոնը մոռանում է, որ «Կայծերի» առաջին հատորի գործողությունների մի մասը կատարվում է Պարսկատանի Սալմաստ գավառում, որ հեղինակի հայրենիքն է, ուրեմն նա չէր կարող ծանոթ չլինել իր հայրենիքի հետ։ Իսկ մնացած մասի գործողությունները կատարվում են Սալմաստի սահմանակից Վանա նահանգում, որտեղ հեղինակը մի քանի անգամ ճանապարհորդել էր:

Դեռ 1860 թվականում «Հյուսիսափայլի» մեջ տպվեցավ նրա Վանա նահանգում կատարած ճանապարհորդության մի մասը, իսկ 1872 թվականում, այսինքն՝ «Մշակի» հրատարակվելու հենց առաջին տարվա մեջ, այդ լրագրում սկսվեցան տպվել նրա Պարսկաստանի ճանապարհորդությունները, որոնք ամենայն հետաքրքրությամբ կարդացվում էին։ Ուրեմն «Կայծերը» գրելու համար Րաֆֆին կարոտություն չուներ իր տեղեկությունները քաղել «միմիայն լրագիրներից և մի քանի անկատար, անճիշտ գրքերից», երբ որ ինքը անձամբ ուսումնասիրել է այդ երկրների կյանքը։ Այլևս չեմ խոսում այն բազմաթիվ ստվար հոդվածների մասին, որ «Մշակի» գոյության տասներկու տարվա ընթացքում, գրել է Պարսկաստանի և Տաճկաստանի մասին։

Հիշյալ նկատողությունից հետո պ. Հայկունին վերջը ինքն իրան հակասում է, ասելով. «Կայծերի» մեջ գեղեցիկ կերպով նկարագրված են քրդերը, թուրքերը և պարսիկները»։

Եթե հեղինակը այնքան ճանաչում է Պարսկաստանի և Տաճկաստանի քրդերին, թուրքերին և պարսիկներին, որ կարողանում է նրանց կյանքը գեղեցիկ կերպով նկարագրել, ինչո՞ւ չէր կարող ճանաչել և տեղային հայերին, քանի որ ինքն ևս հայ է և ծնված է նույն աշխարհում, ուր ապրում են «Կայծերի» մեջ նկարագրված հայերը։

Պ. Հայկունու հոդվածը լի է այս տեսակ միմյանց հակասող, միմյանց հակառակ մտքերով։ Մի տեղում նա ասում է, թե «Կայծերի» մեջ գեղեցիկ կերպով նկարագրված է քրդերի, թուրքերի և