Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացառության, իրանք տիպերը գողացել են միմյանցից։ Շատ հետաքրքիր կլիներ, եթե պ. Հայկունին ցույց տար, թե առաջին գողությունը ո՞րն է կատարել դրանցից:

Ես այդ կարծիքը չունեմ մեր վիպասանների մասին, ես միայն պիտի երևան հանեմ պ. Հայկունու անբարեխղճությունը։ Նա աշխատելով ստվեր ձգել «Կայծերի» վրա, մոռանում է, որ միևնույն ժամանակ ստվեր է ձգում և մեր մյուս վիպասանների վրա։ Մի կողմից ասում է նա, թե «Կայծերի» և մեր մյուս վիպասանների դուրս բերած տիպերի մեջ ոչինչ «էական» զանազանություն չկա, իսկ մյուս կողմից, ասում է, թե «Կայծերի» մեջ գործողները «իրական» մարդիկ են, այլ «վերացական» և «երևակայական» են։ Ուրեմն, եթե «Կայծերի» վերացական և երևակայական տիպերը միևնույնն են, ինչ որ մինչև այսօր հայտնվել են մեր մյուս վիպասանների աշխատությունների մեջ,— բոլորովին լոգիկական կլիներ մտածել, որ նրանք ևս իրական տիպեր չեն, որ նրանք ևս վերացական ու երևակայական են, որովհետև պ. կրիտիկոս նրանց և «Կայծերի» տիպերի մեջ ոչինչ «էական» զանազանություն չէ գտնում։ Եթե ճշմարիտ է այդ, շատ թշվառ պետք է համարել մեր գրականությունը և նույնքան թշվառ պետք է համարել մեր բոլոր վիպասաններին, որ նրանցից ոչ մեկը մինչև այսօր չէ կարողացել մի իրական և կենդանի տիպ դուրս բերել իր աշխատության մեջ։

Այդ բոլոր հակասությունները առաջ են գալիս նրանից, որ պ. կրիտիկոսը չէ հասկանում, թե ինչ է ասում։ Նա գործ է ածում թառեր, առանց նրանց նշանակությունը հասկանալու և որ ամենանշանավորն է, նրա դատողությունների մեջ ամենևին լոգիկա չկա։ Այդ ես ցույց տվի և դարձյալ պիտի աշխատեմ ցույց տալ։

Կարծեմ ընթերցողը չէ մոռացել, որ պ. Հայկունին ասաց, որ «Կայծերը» ոչ պատմական վեպ է և ոչ ժամանակակից: Ուրեմն, ի՞նչ համեմատություն կարող է լինել «Կայծերի» և Ծերենցի, Աբովյանի, Աղայանցի կամ Պռոշյանցի վեպերի մեջ։ Չէ որ Աբովյանի «Վերք Հայաստանին», Ծերենցի «Թեոդորոս Ռշտունին», նրա «Երկունք» և «Թորոս Լևոնի» կոչված վեպերը պատմական վեպեր են, նրանց մեջ գործող հերոսները պատմական անձնավորություններ են, նրանք ապրել և գործել են մեզանից շատ դարեր առաջ նրանք գտնվել են կյանքի բոլորովին ուրիշ պայմաններում։ Իսկ «Կայծերը», պ. Հայկունու ասելով, պատմական վեպ չէ։ «Կայծերի» տիպերը դեռ նոր պետք է ծնվեն: Ուրեմն, ինչպե՞ս կարող