Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանիսին համարում. է հեղինակի հայրը, մայրը, քույրերը և այլն։

«Ինձ այնպես է թվում, թե դուք, պ. Րաֆֆի, ձեր կուրծքի վրա զգում եք այն ծանրությունը, որի տակ այսքան դարեր տնքտնքում ու հեծեծում են տաճկահայերը, ձեր հայրը — Սահակը, ձեր մայրը — Նիգարը, քույրերդ — Մարիամն ու Մագթաղը»…

Այդ արդեն լրբություն է։

Հիմա անցնենք Հայկունու ավելի նշանավոր նկատողություններին, որոնց մեջ պարոնը նույնպես «Կայծերի» գործող անձինքների կարծիքները վերաբերում է հեղինակին։

«Կայծերի» մեջ (եր, 461 — 463) հերոսներից մեկը` Ասլանը է հետևյալ դատողություններն է անում Հին Հայաստանի եկեղեցականների մասին:

«Բայց եղել են ժամանակներ և այն ժամանակները շատ հին են, երբ մեր եկեղեցականները այնպես չէին, որպես այժմ։ Նրանք դրանց նման անբնական կյանք չէին վարում. նրանք գերդաստանի հայրեր էին և ընտանիքների մեջ էին բնակվում։ Այս պատճառով, նրանք գիտեին, թե ի՜նչ է կյաքը, ի՜նչ է աշխարհը և ինչպես պետք է հոգ տանել նրա համար, որ մարդու ապրուստը հանգիստ ու բախտավոր լինի։ Գերդաստանի հայր լինելով միևնույն ժամանակ նրանք ժողովրդի հայրն էին, ծնողական սիրո զգացմունքը առաջ է բերել նրանց մեջ և խիստ ջերմ սեր դեպի ամբոխը և բոլոր սրտով նվիրել էին իրանց անձը ժողովրդի բարօրությանը։ Իսկ այժմ չէ կարելի գտնել մի մարդ, որ այնպես վայրենի, անզգա և անտարբեր լիներ դեպի հասարակաց բարին, ինչպես մեր կուսակրոն եկեղեցականը։

Վանքն այն ժամանակ, այժմյան պես, աշխարհային գործերից փախած և իրան երևակայական հոգևոր ծառայության նվիրած, ծույլերի բնակարան չէր։

Վանքն այն ժամանակ հոգևոր և մարմնավոր դպրոց էր, ուր անխոնջ միաբանությունը պարապած էր մանուկների կրթությունով, գրքերի թարգմանությունով, ինքնուրույն հեղինակություններով և գիտությունն ոա լույսը ժողովրդի մեջ տարածելով։

Եկեղեցականությունը այն ժամանակ, որպես կրոնի, եկեղեցու և կրթության, նույնպես և հայրենիքի ու պետության հզոր պաշտպանն էր։ Եթե լինում էին մեր թագավորների ու