Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ, ինչպես դուք կարծել եք։ Պատմական վիպասանը, իրան համար մի բարոյական, սեպուհ պարտավորություն պիտի համարե, թույլ չտալ իրան թեթև գրչին մի կետ, մի «նշանախեց» անգամ թղթի վրա, չդնել, առանց մի քանի տեսակ անհրաժեշտ և իրական փաստերի, առանց ոչ թե մոլեռանդ» այլ ամենաբարեխիղճ և բազմակողմանի հետազոտությունների և ամենամանրամասն խուզարկությունների։ Դրա համար անհրաժեշտ և անպայման հարկավոր է, բարեկամս, որ պատմական վիպասանը, կամ պատմության այս և այն մասը շոշափողը, լինի նախ զերծ և ազատ որևէ տեսակ մոլեռանդությունից և երկրորդ ունենա գիտություն (մանավանդ մի քանի գիտությունների) եթե ոչ մասնագիտական, գեթ հավատարիմ և առատ պաշար։ Խոստոփսնեցեք, պ. Րաֆֆի, որ ձեզ պակասում են թե առաջինը և թե երկրորդը, գուցե և երրորդ ու չորրորդ պայմաններ, ուստի խորհուրդ եմ տալիս ձեզ չմոտենաք այն տաճարին, պատմական վիպասանությանը, որի սուրբ և մաքուր աստիճանները կարող եք մի օր ձեր ցեխոտ և հնացած ու մաշված հողաթափով հանդգնաբար կեղտոտել ու նսեմացնել» և այլն։

Պ. Հսյկունու այդ երկար հառաջաբանը, այդ ամբողջ մեղադրական ճառը կարդալով, ընթերցողը սպասում է, որ նա «Կայծերից» դուրս կբերե սխալների մի երկար շարք և ցույց կտա, որ Րաֆֆին մեղանչել է պատմության դեմ։ Բայց ինչո՞վ է վերջանում պարոնի մեղադրանքը։ Նրանով որ ս. Տիրամոր վանքի տոնախմբության հանդեսի նկարագրությունը (363—397), նրա կարծիքով, ճիշտ չէ։ Թե ճիշտ է, թե ճիշտ չէ, այդ որիշ հարց է, բայց մի՞թե մի որևիցե վանքի տոնախմբության հանդեսը, որ այսօր կատարվում է մեր աչքի առջև, պատմական իրողություն է։ Նա կարող է հիշեցնել մեզ պատմության այս և այն երևույթները։ Նա կարող է պահպանած լինել իր մեջ շատ մնացորդներ հին ժամանակներից, բայց այս ամենայնիվ կատարվող իրողությունը ժամանակակից է։ Եվ նրան ուսումնասիրելու կամ նկարագրելու համար հարկավոր չէ դիմել պատմությանը, այլ պետք է ուղիղ դիմել դեռ չմեռած կյանքին, որի մեջ այսօր կատարվում է նա։

Պետք է բավական հանդգնություն ունենալ և այսպես անամոթաբար վերաբերվել դեպի մի հեղինակ, որ տվել է մեզ