Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպիսի գեղեցիկ պատմական աշխատություններ, որպես են «Դավիթ Բեկը» և «Խամսայի մելիքությունները»[1]։

Ս. Տիրամոր վանքի մասին մենք երկար պետք է խոսենք, որովհետև այս մասը բռնում է պ. Հայկունու կրիտիկայի համարյա կեսը։ Բայց այժմ հարկավոր եմ համարում մի քանի խոսքերով ցույց տալ, թե պատմական վիպասանը մինչև որ աստիճան, կամ ինչ չափով պարտավոր է հետևել պատմությանը:

Բանաստեղծը ազատ է, նա չի պիտի լինի պատմության ստրուկը։ Եթե նա ամենայն ճշտությամբ կհետևի պատմությանը, այլևս չի լինի նա ստեղծագործող, բայց միայն արտագրող։ Բանաստեղծը, արդարև, կարդում է ժամանակագրություններ, ծանոթանում է պատմության հետ, ծանոթանում է իր ընտրած անձինքների հետ, ստուգում է, համեմատություններ է անում, բայց այդ բոլոր ուսումնասիրություններից նա առնում է այն գծերը միայն, ինչ որ պետք է իր ստեղծագործության համար, իսկ գլխավոր գործողությունները իր ֆանտազիայի ծնունդն է լինում։ Նա մինչև անգամ շատ դեպքերում իրավունք ունի ոչնչացնելու պատմության փաստական ճշմարտությունը, որովհետև նրան պետք են գաղափարական ճշմարտություններ։ Հայր Արսեն Բագրատունու Հայկ Դյուցազնը ամենևին նման չէ Խորենացու Հայկի հետ, ինչպես Շիլլերի Դոն Կարլոսը նման չէ պատմության Դոն Կարլոսին։ Նույնիսկ պատմաբանների գրչի տակ միևնույն պատմական անցք նկարագրությունը, միևնույն պատմականանձնավորությունը տարբեր կերպարանք է ստանում։ Եղիշեի Վարդանը շատ զանազանվում է Ղազալ Փարպեցու Վարդանից։ Կնշանակե, որ պատմաբաններն ևս իրանց իդեալն ունեն։ Բանաստեղծը վեր է առնում պատմությունից շոր ու ցամաք կմախքը միայն, նրան վերաստեղծում է, հոգի և մարմին է տալիս և մի առանձին պատկերով

  1. «Դավիթ Բեկի և «Խամսայի մելիքությունների» վրա խոսելով, պ. Հայկունին իր հոդվածի ծանոթությունների մեջ, կարծեմ չորս տեղ միևնույնը կրկնում է, որ թեև ինքը չէ կարդացել այդ գրքերը, բայց հաստատ իմանում է, որ նրանց մեջ ևս շատ պատմական սխալներ կան։ Այդ պետք է վերաբերել պ. կրիտիկոսի առանձին ընդունակությանը, որ նա առանց կարդալու ևս կարող է նկատել գրքերի մեջ սխալներ։ Բայց ես չեմ կարող լռել պարոնի ստախոսության վրա, թե նա հիշյալ գրքերը չէ կարդացել։ Մի ժամանակ պարոնը Ախալցխայի և Ախալքալաքի գյուղերում մի նոր գրավաճառության եղանակ էր հնտրել, գիշերները, գյուղացիներին հավաքում էր անասունների ախոռներում և կարդում էր նրանց «Դավիթ Բեկը»։ Գյուղացիները գրավվում էին, հետո վճարում էին նրան գարի, ձոլ, պանիր, հավ և այդ մթերքներով գնում էին «Դավիթ Բեկի հատորները։