Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայացնում է մեզ։ Այդ պատկերը թեև պատմության նկարագրած պատկերը չէ, բայց մենք տեսնում ենք նրա մեջ պատմությունը հարություն առած, կենդանացած և իր ամբողջական կերպարանքով մեր առաջ կանգնած: Ահա դրա մեջն է պատմական վիպասանի ճարտարությունը։

Պ. Հայկունու վերևում բերած մեղադրական ճառի մեջ ավելի աչքի են զարկում հետևյալ տողերը, որ նա ուղղում է դեպի Ռաֆֆին, թե «պատմական վիպասանը պետք է ունենա գիտություն,(մանավանդ մի քանի գիտությունների), եթե ոչ մասնագիտական, գեթ հավատարիմ և առատ պաշար»։ Այդ տողերի վրա ես ուշադրություն չէի դարձնի, եթե պ. կրիտիկոսը իր հոդվածի մեջ մի քանի անգամ ևս ակնարկած չլիներ, թե Րաֆֆին չէ կարող լավ վիպասան լինել, որովհետև համալսարանական դիպլոմ չունի։ Բայց ես կասեմ, բանաստեղծ լինելու համար դիպլոմ հարկավոր չէ բանաստեղծի դիպլոմը տալիս է ինքը բնությունը։ Գիտությունը անհաշտ է բանաստեղծության հետ, ճշմարիտ գիտնականը բանաստեղծ լինել կարող չէ։ Ահա ինչ է ասում այդ մասին մի երևելի կրիտիկոս.

«Գիտության և գեղարվեստի մեջ, իրավ է, կռիվ կա։ Ոգևորությանը պետք չէ գիտություն, նա ավելի ուսյալ է, քան թե գիտությունը, նա երբեք չէ սխալվում։ Ստեղծագործության հիմնական օրենքը այն է, որ նա նպատակահարմար է լինում առանց կանխակալ նպատակի, որ նա անգիտակցաբար հասնում է գիտակցության, հերքում է բոլոր թեորիաները և սիստեմները, բացի նրանից, որ առաջացած է մարդկային հոգու օրենքներից և դարևոր փորձերից, որ գործ են դրվում գեղարվեստական արդյունքների վրա։ Ուրեմն, ոչ թե գիտությունն է ստեղծում գեղարվեստը, այլ ինքը գեղարվեստը ստեղծում է մի առանձին գիտություն, այն է` գեղեցկի թեորիան։ Ուրեմն գեղարվեստը այն ժամանակ միայն ճշմարիտ է և վսեմ, երբ հավատարիմ է իրան և ոչ թե գիտության, իսկ եթե գիտության, բայց հենց դրա ստեղծածգիտության։ Գիտությունը միայն բարձրացնում է տաղանդը և ոչ թե ստեղծում է նրան»։

Հիմի դառնանք ս. Տիրամոր վանքի տոնախմբության նկարագրությանը «Կայծերի» մեջ (363 — 379), որի մասին պ. Հայկունին այնքան վրդովված է, որ մեղադրում է հեղինակին և պատմության տգիտության մեջ և թշնամության մեջ դեպի հայոց եկեղեցին և ուրիշ շատ հանցանքների մեջ։