Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա ինչ է ասում հեղինակը Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարյանի բերանով. «Երկպառակությունը և ներքին կռիվները ոչնչացրին հայոց թագավորությունը, որ մի ժամանակ ծաղկած էր և կանգնած էր խիստ նշանավոր աստիճանի վրա հին թագավորությունների շարքում։ Մենք, միայն Ղարաբաղի լեռնական մելիքներս, պահպանեցինք մեր անկախությունը։ Մեր նախնյաց քաջագործությունները հարգված էին մինչև անգամ Շահ-Աբաս մեծից... Բայց ինչո՞վ մեր նախնիքը կարողացան այնպես հաջողությամբ պատերազմել այդ մեծ թագավորի դեմ։ Միայն նրանով, որ Խամսայի բոլոր հինգ մելիքները միացած էին բարեկամության և արյան ամուր դաշնակցությամբ։ Նրանց հաջորդները հետևեցին նախորդների օրինակին, և մեր հայրենիքի անկախությունը պահպանվեցավ»։ (Երես 13)։

Նույն դառն բողոքը հայտնում է հեղինակը և Թալիշի մելիքի բերանով, երբ Փանահ-խանը արդեն բավականաչափ բռնացել էր Ղարաբաղի վրա. «Այդ բոլորի պատճառը մեր ներքին երկպառակություններն են։ Եթե մենք միշտ միմյանց հետ կապված լինեինք, ինչպես մեր նախնիքը հին ժամանակներում կամ Շահ֊Աբասի օրերում, այն ժամանակ այդ ջուանշիրցին (Փանահ-խանը) մտածել անգամ չէր համարձակվի լինել Ղարաբաղի իշխողը: Բայց մենք բոլորս, Խամսայի հինգ փոքրիկ իշխանություններս, որոնք հայոց հռչակավոր թագավորության վերջին մնացորդն ենք, սկսեցինք անդադար միմյանց հետ վիճել, միմյանց հետ կռվել, և ամեն մի հիմար բանի վրա, ամեն մի չնշին հարցի պատճառով սկսեցինք միմյանց հետ պատերազմել։ Եվ ի՞նչ եղավ մեր ներքին կռիվների արդյունքը,— այն, որ շահեցինք մեզ վրա մի օտար հրամայող...»։ (Երես 206)։

Թե որքան կորստաբեր հետևանքներ է ունենում մի ազգի համար անմիաբանությունը և ներքին երկպառակությունը,— այդ մահացու ախտը,— շոշափելի կերպով երևան է հանում հարգելի հեղինակը, ոչ թե հիմնվելով բանաստեղծական շինծու ապացույցների վրա, այլ ցույց տալով մի պատմական փաստ, մի կատարված աղետալի իրողություն հայոց կյանքում: Այդ հիմնական միտքը կազմում է Հուբովի վեպի ամբողջ հյուսվածքը։

Իբրև նյութ իր հետաքրքիր վիպասանության, հեղինակը վեր է առել 1750 թվականերում մեջ կատարված անցքերը։ Այդ ժամանակ Ղարաբաղի նահանգներում կային հինգ