Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Կայծերի» հերոսներից մեկը, Ֆարհադը, նկարագրելով հիշյալ վանքի տոնախմբության հանդեսը իր բոլոր հետաքրքիր սովորություններով ու արարողություններով, միևնույն ժամանակ ներկայացնում է վանքի «խեղճերի» ու «ընկավորների» սարսափելի պատկերը։ «Խեղճերը» ուրուկների (уроды) հաշմանդամների, բորոտների և զանազան տեսակ հիվանդություններով այլանդակված թշվառների մի խումբ է, որ պահվում է վանքում սուրբ աստվածամորից բժշկություն գտնելու նպատակով։ Իսկ ընկավորները մի տեսակ պատգամախոսներ են, որոնք խելագարի նման ցած ընկնելով, փրփրելով, սկսում են զանազան գուշակություններ անել ուխտավորների համար։ Թե առաջինները և թե երկրորդները հովանավորվում են աբեղաներից, որովհետև ազգում են ուխտավորների մեջ սարսա՜փ, սնահավատություն և ջերմեռանդություն։ Եվ այդ բոլորը աբեղաները նպաստավոր են համարում իրանց շահերի համար։

Ֆարհադը այդ բոլորը նկարագրելով, այն կարծիքն է հայտնում, թե դրանք հեթանոսական դարերից մնացած սնահավատություններ են։ Ահա նրա խոսքերը.

«Ոչ մի նոր վարդապետություն բոլորովին չէ կարողանում ջնջել, անհետացնել ժողովրդի սրտից այն, որ թողել է անցյալը: Հեթանոսական ծեսերը, արարողությունները, պաշտամունքը դարերով արմատացել էին հայ հոգու մեջ, նրանք միացել էին նրա բնավորության հետ։ Քրիստոնեությունը միանգամով սրբել Հայաստանը հին նախապաշարմունքներից կարող չէր, մինչև ժամանակը և կրթությունը չտար մի նոր ձև և կերպարանք» (եր.370—371 )։

Նույն հիվանդները տարվում են և Թիֆլիսի մոտակա եկեղեցիներում, շաբաթներով և ամիսներով պահվում են, նույն ընկավորները կարելի է տեսնել և Թիֆլիսի մոտակա ուխտատեղիներում, որոնք ուխտավորների վրա սարսափ են ձգում։ Բայց Ֆարհադի նկարագրած «խեղճերը» ու «ընկավորները» իրավ, որ հիշեցնում են խորին հեթանոսական ժամանակները, ինչպես որ պատկերացրած է «Կայծերի» մեջ։

Բայց պ. Հայկունին «Կայծերի» մեջ նկարագրած ս. Տիրամոր վանքի տոնախմբության հանդեսը մանրամասն պատմելուց հետո ասում է, որ այդ բոլորը զրպարտություն է, բոլորը հնարել է Րաֆֆին հայոց վանքի սրբությունը արատավորելու համար։ Ահա նրա խոսքերը.