Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե պ. Հայկունին մտքում պահած լիներ, թե «Մեղուի» 33 համարում ասել է, որ Րաֆֆիի նկարագրությունը պպ. Սարգսյանցի և Աղայանցի նկարագրությունների ճիշտ օրինակն է, այլևս «Մեղվի» 37 համարում ինքն իրան չէր հակառակի, ասելով թե ինքը շատ գրքեր է կարդացել և Րաֆֆիի նկարագրության նման բան չէ տեսել։

Բայց ոչ, ես պ. Հայկունուն այդ աստիճան մոռացկոտ չեմ համարում։ Այդ հակասությունների մեջ մի ավելի հետաքրքիր պատճառ կա։ Պ. Հայկունին, խարդախ վաճառականների նման, իր կրիտիկայի մեջ երկու տեսակ չափ և երկու տեսակ կշիռ է բանեցնում, և որը որտեղ հարկավոր է, այն է գործ ածում։ Այսինքն՝ նա բոլորովին ներելի է համարում առանձին նպատակների համար առանձին կերպով իր խոսքերը փոփոխել։ Մի տեղում նրան հարկավոր է ցույց տալ, թե Րաֆֆին սեփական դիտողության ընդունակություն չունի, որ ինքնուրույն կերպով նկարագրե մի որևիցե վանքի տոնախմբություն. և այդ պատճառով, իր նկարագրությունը գողանում է պպ. Աղայանցի և Սարգսյանցի վեպերից։ Իսկ մի այլ տեղում նրան հարկավոր է ընթերցողներին գրգռել Րաֆֆիի դեմ և ցույց տալ, թե նա հայոց եկեղեցու թշնամի է, նրա վրա ցեխ է քսում, թե նա ստեղծում է այնպիսի հրեշավոր և երևակայական նկարագրություններ հայոց վանքերի ու վանականների մասին, որ նրանց սրբությունը արատավորն, որ նրանց վարկը ցած գցել Պարոնի թե առաջին թե երկրորդ վարմունքը պետք է կրքի և թշնամության արդյունք համարել և ոչ խղճմտավոր կրիտիկական հետազոտություն։

«Կայծերի մեջ նկարագրված ս. Տիրամոր վանքի տոնախմբության պատկերը ոչ առած է պ. Աղայանցից և ոչ էլ պ. Սարգսյանցից։ Նրանց մեջ ոչինչ նմանություն չկա։ Նմանությունը այնքան է միայն, որ այստեղ էլ ուխտավորներ կան, այնտեղ էլ։

Բայց Րաֆֆին իր պատկերի մեջ նկարել է այնպիսի հետաքրքիր գծեր, որոնց վրա մեր վիպասաններից ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Այդ մասին հետևյալ համարում։

Ես շարունակում եմ խոսել ս. Տիրամոր վանքի մասին, որովհետև այդ մասը պ. Հայկունու քննադատության մեջ ընդարձակ տեղ է բռնում։

Պ. կրիտիկոսը սաստիկ զայրացած է երևում այդ վանքի «ընկավորներով» և «խեղճերով»: Ես նախընթաց համարում ծանոթացրի ընթերցողին, թե ինչ են «ընկավորները և խեղճերը», իսկ