Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայկունին մոռանում է, որ ինքը կրիտիկոսի պաշտոն է կատարում, և եթե նա նկատում է վեպի մեջ անճշտություններ, պետք է ինքը ապացուցանե, որ նրանք անճիշտ են։ Նա է դատ սկսել, նա է բողոքողը, նա է գանգատավորը և ոչ թե Րաֆֆին:

Ես կարծում եմ, որ Րաֆֆին նրան չէ հրավիրել «Կայծերի» մասին ամեն տեսակ հիմարություներ գրել, և նա շատ գոհ չի լինի, որ իր աշխատությունները քննում են կրիտիկայի դեռ այբուբենը չկարդացած հայկունիներ։

Պ. Հայկունին նայում է վեպի վրա որպես մի պոլիցիական ակտի վրա, որի մեջ վկաների ցուցումներով արձանագրվում է մի որևիցե պատահած անցք։ Նա խստիվ պահանջում է, որ Րաֆֆին անպատճառ գրավոր փաստերով ապացուցանե, որ ս. Տիրամոր վանքում կատարվում են այն արարողությունները, որ նկարագրված են «Կայծերի» մեջ։

Ս. Տիրամոր վանքում կարող էին ամենևին կատարված չլինել այն արարողությունները և ս. Տիրամոր վանքը կարող էր մինչև անգամ ամենևին գոյություն չունենալ, բայց վիպասանը կատարյալ իրավունք ունի ստեղծել մի երևակայական վանք և տեղափոխել այնտեղ այս և այն վանքում կատարվող արարողությունները։

Տեղը նշանակություն չունի, այլ նշանակություն ունի իրողությունը, որ կատարվում է։ Բայց ես ավելին կասեմ, մինչև անգամ իրողություններն ևս իրանց իսկական կերպարանքով նշանակություն չունեն վիպասանի համար։ Նա իրավունք ունի հավաքել փաստեր և հավանականության վրա հիմնվելով, նրանցից ստեղծել մի բոլորովին ուրիշ պատկեր, որը թեև իր ձևով եղածների նման չէ, բայց նրանց հատկությունն ու բնավորությունն ունի։ Ես օրինակներով կբացատրեմ այդ միտքը։

Մի քանի տարի առաջ, հացի թանկության ժամանակ, Երևանյան նահանգի վանքերի մեկից ձայն տարածեցավ, թե այնտեղ հրաշք է կատարվել և միաբանների սաստիկ քաղցածության միջոցին, վանքի դատարկ կարասները լցվել են ալյուրով։ Այդ աղբյուրն այն հատկությունն ուներ, եթե նրանից մի փոքր տարվելու լիներ մի որևիցե տուն և ցրիվ տային դատարկ կարասների մեջ, նրանք ևս կլցվեին ալյուրով։ Շրջակայքի գյուղացիները բազմությամբ դիմում էին հիշյալ վանքը և մի բուռն հրաշալի ալյուրից ձեռք բերելու համար մի քանի ռուբլիներ էին վճարում։ Բարձր հոգևոր կառավարությունն այդ իմանալով, իհարկե, արգելեց վանահոր այդ խաբեբա վաճառականությունը։