Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հին մի այդպիսի բախտին, տեսնելով, որ իրանց երեք կամ չորս կովերը հազիվ էին տալիս Յուղաբերի չափ կաթ։ Մի այդպիսի անսովոր բան առիթ տվեց նրանց կարծելու, թե պառավ Մարթան գործ էր դնում կախարդական զորություններ։

Եվ արդարև, թեև պառավը ոչ ոքի չէր հայտնել, բայց մենք գիտենք, որ ոչ սակավ նշանակություն ուներ կաշվի մեջ կարած այս եռանկյունի թուղթը, որ քարշ էր տվել նա Յուղաբերի երկու լուսնաձև կոտոշների մեջտեղում— ճակատի վրա։ Այլև շատ անգամ համբարձման գիշերին պառավը լիքը մի կուժ ջրով դնում էր թուրքերի գոռխանայում նրանց գերեզմանների մեջ. առավոտյան լուսաբացից առաջ, առանց խոսելու, առանց ետև մտիկ տալու՝ տանում էր տուն և այն կժի ջրով հարում ծծումը, և ծծմի մեջ բոլոր մածունը կարագ էր կտրում։ Այլև, նրա ծծումի կանթից միշտ քարշ էր ընկած շորի մեջ կարած մի քանի հատ չորս տերևանի խոտ, որ թիլիսմանական զորություն ուներ։

Ե′վ այդպես— խրճիթի մի կողմում ահագին փեթակը, մյուսում կովի և իշի ախոռը, դռան աջակողմում վառելիքների ամբարը, ձախակողմում դարմանոցը և հավերի թառը, խրճիթը չորեք կողմից այդպես նեղանալով — թոնրի շրթերի մոտ մնում էր մի քանի թիզ արձակ գետին, ուր փռած էր երկու հասիր (փսիաթ), որոնց վրա նստում էին երկու ալևոր ամուսինները իրանց ոտերը թոնրի մեջ մեկնելով։

Ծերունի Մկրտիչը վաղուց հետե, երբ նրանց զավակ չէր ծնվում, պահում էր մի քանի հատ տնօրիկ (ընտանի) աղավնի, այն մտքով, որ դրանցով կշահեր աստուծո հոգին և կստանար նրանից որևէ վարձատրություն։ Այդ պատճառով նրանք մեղք համարելով թափել այդ արդար թռչունների արյունը, ո′չ մորթում էին և ո′չ ուտում նրանց միսը։ Առավոտները քնաթաթախ վեր է կենում պառավ Մարթան, դուռը բաց անում, դուրս գալիս «ճու֊ճո՞ւ-ճո՞ւ» ձայն է տալիս նա։ Եվ նույն րոպեին դուրս են թափվում հավերը և աղավնիները։ Նա ցրվում է նրանց առջև կուտը, և հավերը, ուրախ֊ուրախ պառավի չորս կողմը պտտվելով, կաչկաչելով— սկսում են կտցել հունդերը։ Բազմաթիվ ճնճղիկներ ևս, իրանց ամենօրյա սովորության համաձայն վայր են իջնում և նրանց հետ խառն սկսում են քաղել կորյակի, ցորենի հատիկները։ Պառավը ամենևին չէ հալածում չար ճնճղիկները, թույլ տալով, որ երկնքի թռչուններն ևս կերակրվին յուր հունդերով։

Ծերունի Մկրտիչը թեպետ յուր տարիքը առած՝ բայց տակավին