Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վին մի ժիր և աշխատասեր մարդ էր։ Նա ամբողջ ամառը անցնում էր մշակելով յուր երկու օրավար հողը, և աշնանը քաղում էր գետերի եզերքից ու ճախիններից բավական ջիլ (դզեր), ժողովում էր յուր տան մեջ և ձեռքով նրանցից հասիրներ էր գործում։ Բացի դրանից նա հավաքում էր բավականաչափ ճապուկ ուռի ճղեր, նրան ցից թքոցներ, զամբյուղներ հյուսելու համար։ Պառավ Մարթան ևս շատ գործունյա և տնարար կին էր. նա ամեն օր, թոնիրը վառելուց և տունը կարգի դնելուց հետո, յուր բամբակ մանելու ճախարակը առջևը դրած մինչև իրիկուն աշխատում էր նրանով։ Այդ համեստ արհեստներով, նրանք ո՜չ միայն վաստակում էին իրենց ապրուստի պիտույքները, այլև իրանց դրացիների մեջ, ուր աղքատությունը ճնշել էր յուր ծանրության տակ բյուրավոր խղճալի հայերի գերդաստաններ — նրանք համարվում էին հարուստ։

Փա՜ռք աստուծո, ծերունի Մկրտչի փեթակը լի էր ալյուրով, ախոռի մեջ կապած էր գեր և պարարտ կովը յուր սիրուն հորթի հետ, նրա մոտ կապած նորահաս երինջը և ուժեղ էշը, թառը տասն հատ հավերով, ծալքը լի էր շորերով։ Դրսում ցանած հողը՝ բացի դրանից նա վճարել է տան և գլխի հարկը, քահանայի և վանքի պտղին, այնուհետև նրա դռնից կանչող չկա. ոչ մի մարդ նրանից առնելիք չունի։ Իսկ նրա դրացիք ընդհակառակն հառաչում են խանի ֆերրաշների վարոցների[1] տակ և չեն ազատվում ծանր հարկերից։

Բայց խոսքը մեր մեջ թող մնա— ծերունի Մկրտիչը մի քանի արծաթ կռան[2] թաքցրած հոգեբաժին ևս ուներ, որ նա խնայողությամբ ավելացնելով յուր վաստակներից, պահել էր յուր վերջին օրերի համար, որ այդ արծաթով պատարագ մատուցել տային յուր հոգու համար, և ժամով-քահանայով թաղեին իրան։

Ծերունի Մկրտիչը գյուղի մեջ ամենօրյա պատահական դեպքերի կենդանի օրագիրն էր. նա գիտե՝ թե այս ինչ մարդ ինչ զարմանալի երազ է տեսել, ո′վ մեռել, ո′ւմ որդի ծնել, ո′վ պսակվեց, որին նշանեցին, կամ ով քանի՛ օրից հետո հարսանիք ունի։ Նաև խոսում է հոգևորական բաների վրա, թե եկեղեցում ի′նչ կարդացին, այս ինչ տերտերը քանի′ սխալ ասաց։ Շատ անգամ նա խոսում է նաև տերությունների և պատերազմների վրա, և հաստատում է գրքերի ու սրբերի խոսքով, թե խեղճ հայ-քրիստոնյային

  1. Վարոց-գավազան (Ծան․Աննա այրի Րաֆֆու)
  2. Կռան-պարսկական դրամ