Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շուտով կանչեց յուր ամուսինը, երկուսը միասին դուրս քաշեցին սատկած կատուն ու ձգեցին նրան իրանց տանից հեռու, գյուղից դուրս։ Այնուհետև կանչեցին քահանային, որը օրհնեց թոնիրը, մաքրեց՝ «խաչալվա» ջուր սրսկելով նրա մեջ, և պատվիրեց քառասուն օր վառելուց հետո միայն նրա կողերի վրա լավաշ թխել։

Ահա մի այդպիսի գերդաստանի մեջ, մի այդպիսի վարժապետի և վարժուհու հոգաբարձության հանձնվեց Լովասաբենց Սալբիի, մեր վիպասանության հերոսուհու կյանքի առաջին դաստիարակությունը և ուսումը։

Բայց ի՞նչ ուսում, ի՞նչ դաստիարակություն։ Ի նկատի ունենալով այն չարչարանքները, որ խղճալի աղջիկը կրում էր պառավ Մարթայի ձեռքում, սխալ չէր լինի ասել, որ Սալբին մի ժիր աղախին էր այն տան մեջ։ «Սալբի՛, աղբյուրից ջուր բեր.․․ թոնիրը վառե․.. տունը ավելե՛․․. կովը կթե՛․․. հավերուն կուտ, ջուր տուր․․․ ա՛յս վեր առ․․․ ա՛յն վեր դիր․․․»։ Այդպիսի հրամաններ նա լսում էր առավոտից մինչև իրիկուն պառավ Մարթայից։

Ծերունի Մկրտիչը ևս, յուր հերթում, չէր թողնում, որ խեղճ աղջիկը հանգիստ մնար։ «Սալբի, չիբուխս լցրո՛ւ, կրակ զա՛րկ, հասիրների ջիլերը թրջե՛, որ կակղեն, էշուն ջուր տուր»։ Շատ անգամ հրամայում էին նրան մաքրել ախոռը, կովի և իշու աղբը քթոցով շալակն առնել և դուրս տանել, կամ թոնիրի մոխիրը կողովի մեջ լցնելով՝ տանել աղբանոցը։ Այդ բոլոր ծառայությունը խղճալի աղջիկը կատարում էր առանց դժգոհության, որովհետև նա միշտ աշխատում էր շահել ծերունի Մկրտչի և պառավ Մարթայի սիրտը, որպեսզի նրանք չգանգատվեին յուր անագորույն մորը, թե Սալբին խելոք չէ, ականջ չէ դնում, որպիսի դեպքերին Թարլանը խիստ սաստիկ ծեծ տալով պատժում էր յուր աղջիկը, պատվիրելով, որ նրանք նույնպես ծեծեին նրան, միսն առնեին, ոսկրը թողնեին, աչքը հանեին՝ ափի մեջ դնեին, որ խելոքանա, բան սովորե և օրինավոր կին դառնա...

Ե

ԼԵՅԼԻ ԵՎ ՄԵՋՆՈԻՆԻ ՀԱՄԱՍՏԵՂՔԸ

Ամառային գիշերներին, երբ սովորաբար քնում են կտուրների վրա արձակ օդի մեջ, արևելքի մայրիկները պատմելով իրանց հարցասեր զավակներին Լեյլիի և Մեջնունի սիրո վեպերը, մատով