Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծալքերում պտտվում էր նա, և խավարի միջից դուրս էր քաշում, ինչ որ անարժան էր»[1]:

Իրականության նկատմամբ վերին աստիճանի ուշադիր, ժամանակի երևույթներով և պրոբլեմներով կլանված Րաֆֆին, երիտասարդական հասակից նետվում է մտավոր կյանքի ասպարեզ: Մինչև մահ նա չի թողնում առաջամարտիկի դիրքերը, զգալով իրեն գաղափարական պայքարի կենտրոնում:

Համապատասխան իր ապրած ամբողջ ժամանակաշրջանի, Րաֆֆին ստեղծագործության մեջ արտացոլում է 1850-1860-ական թվականների կյանքի երեևույթներն ու գաղափարական բախումները, ֆեոդալիզմից կապիտալիզմին անցնելու պրոցեսը, 1877-1878 թվականների-ռուս-թուրքական պատերազմի շրջանը, 1880-ական թվականներին դրսևորվող իդեական պայքարն ու կյանքը, արդի իրականության երևույթներն ու պատմական անցյալը:

* * *

Գրական ստեղծագործության հենց սկզբից Րաֆֆին արտացոլում է ֆեոդալական իրականությունը, ֆեոդալական կեցության ձևերն ու երևույթները» 1850-ական թվականներից սկսած նա բախվում է տիրապետող ռեակցիոն գաղափարախոսության հետ և կանգնում հակաֆեոդալական դիրքերի վրա։ Այնուհետև նա ամբողջ կյանքում և գրական գործունեության ընթացքում անընդհատ հարվածներ է տեղում ֆեոդալիզմին և նրա, դեռևս ապրող և իրենց ուժեղ կերպով զգացնել տվող մնացորդներին: «Փունջ»-ի առաջին հատորում զետեղված չափածո գործերում, թե իր` «Սալբի»՝ առաջին վեպում, փոքր պատմվածքներում ու վիպակներում, նաև խոշոր վեպերում` «Խենթում», «Ջալալեդդինում», «Կայծերում» Րաֆֆին հետևողականորեն և կրքոտ կերպով ըմբոստանում է ֆեոդալական հաստատությունների, հարաբերությունների դեմ, ֆեոդալական շահագործական սիստեմի դեմ: Րաֆֆին թշնամի է պետական և հասարակական այն կարգերին, որոնց վրա հիմնվում էր ֆեոդալիզմը:

Հասարակության ֆեոդալական հիմքերի դեմ ուղղված գաղափարական պայքարում Րաֆֆին արտացոլում և դատապարտում է ինչպես կալվածատիրական շահագործումը, այնպես էլ հայ ժողովրդի ազգային ճնշումը օտարերկրյա ֆեոդալական բռնակալության տակ։ Նրա համակրանքը գյուղացու կողմն է, նա զայրացած է ժողովրդին ստրկացնող օտար բռնակալի դեմ։

Հայ գյուղացու, ստրկի, ճորտի կյանքի ողբերգական պատկերն է նկարում Րաֆֆին 1857 թվականին Մուշում գրված ոտանավորում. -

«Կալսում է յուր կալ. մաքրում է ցորյան.
Պտուղը յուր ձեռքի, քրտնքի, արյան,
Եվ այդ բոլորը նա զոհ է բերում,
Կալվածատիրոջ լեցնում ամբարում,
Անիծելով բախտ, գնում է յուր տուն,
Լացում է սև օր, քաղցած գերդաստան

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, իններորդ հատոր, էջ 459, Երևան, Հայպետհրատ, 1958 թ.։