Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գուցե սառը ջրի գրգռումից հիվանդը մի փոքր զվարթաթև զգաց, սկսեց շարժվել, աչքերը բացել, հազալ ապա երկու անգամ փռշտաց։

— Փա՜ռք աստծո, «ջահտ բերեց»[1] (այսինքն երկու անգամ փռշտաց),— ասաց պառավ Մարթան ուրախանալով։ Աստուծով խեյր է երեխադ կփրկվի սուրբ տիրամոր շնորհիվ։

— Սուրբ տիրամոր ձեռքը թող ամեն անճարների վրա լինի, ասաց Խաթուն-Բաջին։— Աստված քեզ էլ հանգիստ, արքայություն թող պարգևե, քու՛յր Մարթա... Նուբարի երեսը թող սևանա, որ այդ չարը բերեց երեխիս գլխին...

— Ի՞նչ է արել Նուբարը,— հարցրուց պառավը։

— Չէ՞ որ ասացի, թե վախեցրեց երեխիս մարդագայլի անունով։

— Ի՞նչ մարդագայլ։

— Բա, չե՞ք լսել, ասում են գիշերով մարդագայլը ման է գալիս։

— Տեր ողորմյա,— գլուխը շարժելով կրկնեց պառավը։— Դեռևս շատ այդպիսի բաներ կլսեն մեր մեղավոր ականջները...։ Բայց դուք ե՞րբ եք լսել Խաթուն-Բաջի, խոսքը փոխեց պառավը։

— Արդեն մեկ շաբաթ է, այդ զարհուրելի լուրը պտտվում է,— շարունակեց Խաթուն-Բաջին․ ասում են մի քանի գյուղերից մարդագայլը հափշտակել է գառներ, ոչխարներ, այլև՛, քա՛ր դառնա նրանց ծնողների սիրտը...— խլել է օրորոցներից տղաներ...

Պառավ Մարթան վերջին խոսքը լսելով զարհուրեց։

— Այդ աստուծո պատիժն է, որով կամենում է խրատել մեղավոր մարդոց,— ասաց նա.— մի անգամ ևս մարդագայլը երևաց, երբ ես իմ հոր տանը աղջիկ էի։

— Բայց այս վերջինը խիստ շատ կատաղի է,— պատասխանեց Խաթուն-Բաջին։

  1. Մի անգամ փռշտալը հայոց մեջ նշանակում է է մի չար նախագուշակություն. Պարսկաստանում այդ կոչում են սաբր, այսինքն համբերություն։ Այդ պատճառով, ով որ մի գործի և մի խորհրդի սկզբում ինքը, կամ իր մոտ մի այլ մարդ մի անգամ էր փռշտում, իսկույն սաբր է անում, համբերում է, հետաձգում է իր գործը և խորհուրդը։ Մինը մի անգամ փռշտալու միջոցին ամեն կողմից՝ ասում են նրան «առողջությունն, կարծելով, միևնույն րոպեին մի բան էր պակասում նրա կյանքից։ Բայց երկու կամ երեք անգամ փռշտալը գուշակում է հաջողություն, դրան ասում են այսինքն փույթ և հոգս։ «Ջահտ անել» ասել է փույթ ունենալ, հոգս տանել և սկսել գործը։