Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժոխքից, թե արքայության ճանապարհի վրա մի մեծ հրեղեն գետ կա, որ վառվում է ծծմբով և նավթով (քարյուղ), նրա վրա կա մի մազե կամուրջ, արդարները առանց վնասի անց են կենում, բայց մեղավորների ոտները սայթաքում են և նրանք գլորվում են հրեղեն գետի մեջ, որ տանում էր դեպի դժոխքը։

Նա ասում էր, եթե մի երիտասարդ աղջիկ խոսում և ծիծաղում է մի նորահաս երիտասարդի հետ, որ նրա ազգակից չէր և կամ յուր երեսի և մարմնի վրա արվեստական խալեր էր շինում՝ նա երբեք չէր կարող անցնել մազե կամուրջից, այլ ընկնելով հրեղեն գետի մեջ, օձերի և կարիճների բաժին պիտի դառնա։

Պառավը սովորեցնում էր նրան և շատ «դրոց» բաներ, թե որպես Քրիստոսին տվին մի րաբիին աշակերտելու, և Քրիստոս— առանց այբ և բենը սովորելու՝ կարդում էր թովրաթը. րաբիի մոտից արտաքսվելով՝ աշակերտում է մի ներկարարին, և միևնույն կարասի մեջ ներկում է ամեն դույներով կտավներ։ Ուրիշ շատ բաներ է պատմում Հիսուսի և Հովհաննեսի մանկությունից, և նրանց կատարած հրաշագործություններից, որոնցից և ոչ մինը չէ գտնվում մեր ընդունած Ավետարանի մեջ. նա շատ անգամ ծիծաղելի եղանակով պատմում էր, թե ինչպես մի օր Քրիստոս և Մուհամմեդը դաշն կապեցին, որ գետնից կաթի աղբյուր բխեցնեն. Մուհամմեդը գիշերով գետնի մեջ թաղել տվեց կաթով լիքը տիկեր, և մի հնար բանեցրեց, որ գավազանը զարկելուն պես դուրս հոսեր կաթ։ Առավոտյան, երբ գնացին որոշված տեղը, Քրիստոս գավազանը գետնին զարկելուն պես կաթ բխեց, բայց Մուհամմեդը ոչինչ չկարոդացավ անել, որովհետև խոզերը գիշերով պատռել էին զուր թաղած տիկերը, այդ պատճառով Մուհամմեդը պատվիրեց մուսուլմաններին խոզի միս չուտել։ Նա պատմում էր խոտաճարակ ճգնավորի, անառակ որդու և «աճուճ-պճուճների» մասին։ Խրատում էր նրան չուտել թուրքի հացը և թուրքի մորթած միսը, մի աման, որի մեջ թուրքր մի բան էր կերել — պիղծ է մինչև լվաց վեր «խաչալվա»[1] ջրով:

  1. Հայերի այնքան երկար տարիների կենակցությունը պարսիկների և թուրքերի հետ չէ դրել նրանց այդ ազգերի հետ սերտ հարաբերության մեջ. ընդհակառակն նրանը ամենասաստիկ կերպով խուսափում են մահմեդականներից. նրանց միանգամայն գարշելի համարելով։ Այդ համարումը թեպետ աոաջադրել է նրանց մեջ մոլեռանդություն, բայց մի ամբողջ ազգ ազատել է մահմեդականության ճարակ լինելուց և նրանց հետ ձուլվելոց: