Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձև աչքեր, նետի պես երկայն թերթերունքներով՝ փայլուն են երկու աստղերի պես։ Նրա քիթը, յուր բոլորակ վերջավորությամբ, համեմատելով երեսի լայնության հետ — կարելի է ասել փոքր էր, բայց այդ նրա դեմքին մի գրավիչ քնքշություն էր տալիս։ Նրա խելացի երեսը, այն պարզ հոգու հայելին՝ չուներ ոչ մի խոժոռություն․ նրա գորշ և մի փոքր նիհար թշերը, որոնց վրա չէին երևում մազի հետքեր, ավելի էին փայլում ողորկությամբ, միայն վերնաշուրթը դեռ նոր էր սկսել ղըշղըշալ դեռաբուսիկ սև մազերով։ Նրա ուղիղ և վայելչագեղ հասակը, ուռած կմբավոր կուրծքը, նրա լայն թիկունքը, գրավիչ՝ սեգ հայացքը, մարմնի հպարտ և անհոգ շարժվածքը. այդ բոլոր բարեգուշակ նշանները, առիթ էին տալիս ամեն տեսնողներին հուսալ, թե մի օր այդ նորահաս պատանին լինելու էր մի հոյակապ պարթևաձև տղամարդ հսկայատիպ մարմնով և ահավոր կազմվածքով։

Մանուկ Ռուստամը կարդացած չէր. նրա հայրը այդ մասին հոգս չտարավ նրա համար, և ինչ որ կարդում է տերտերը եկեղեցու մեջ, նրանցից մի բան չի հասկացել։ Այդ պատճառով, նա չգիտե տիրոջ օրենքը։ Բայց նա ունի յուր հատուկ օրենքը, որ բնությունը գրել է նրա սրտի վրա։— Դեռ մանկությունից սկսեց եփ գալ նրա հոգու մեջ քաջազնական ոգին և նա — մի գաղտնի համակրությամբ սկսեց սիրել զենքերը։ Յուր տասնևչորս տարեկան հասակում՝ հորիցը թաքուն՝ նա գնեց մի հրացան, մի հատ Խորասանի ընտիր թուր, և մի զույգ ատրճանակ, և այնուհետև նա կարող էր միայնակ, որպես մի խաշնարած ցեղի Հզոր պարոն — վերակացու լինել իրանց ոչխարներին և հովիվներին— սարում։

Դեռ յուր պատանեկան հասակում նա ցույց տվեց յուր ընդունակությունները այդ տեսակ պարապմունքների մեջ, որոնք ազատ չէին ահարկու վտանգներից։ Մի անգամ, երբ քրդերի ասպատակները հարձակվելով ծաղկավանցոց վրանների վրա՝ կամենում էին նրանց հոտերը ավար տանել, Ռուստամը ավազակների հետ քաջությամբ պատերազմելով, խլեց նրանց ձեռքից իրանց ոչխարները, ստանալով երեսի աջ կողմում, ականջի և աչքի մեջտեղ — գլխից ուղղաձիգ դեպի ներքև այն խոր սպին, որ կտրելով ճակատի աջակողմը, հոնքի մի ծայրը՝ հասնում էր մինչև ականջի վերջը. ամենևին չվնասելով նրա գեղեցկության, այլ տալով նրա դեմքին ահարկու բացատրություններ։

Մի այդպիսի կյանք, պաշարված բարբարոսների հափշտակություններով, ավազակությամբ՝ ընդմիշտ պատերազմի աղմուկների