Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թըհարի և Զոհրայի սիրավեպերը, նրա արյունը բորբոքվում էր, նա ասպետական նախանձախնդրությամբ պատկերացնում էր յուր մեջ յուր սիրուհին՝ մի սիրուհի, որին ուխտել էր նա յուր կյանքի ամենապատվական ժամերը։ Բայց երկրի սովորությունները, ազդային խորթ և օտարոտի բարք ու վարքը, երբեք չէին թույլ տալիս նրան գոնե մի անգամ տեսնեւ յուր սիրուհու երեսը և նրա բերանից՝ մի քանի բառ լսել:

Տասնևհինգ տարեկան էր Ռուստամը, երբ մի օր, Աղվանա սարերում, ուր իջևանել էին Ծաղկավանի բոլոր խաշնարած գերդաստանները, առավոտյան հովին, արևածագից առաջ, նստած սարի վրա, մի աղբյուրի մոտ, նա յուր քաղցր հրեշտակային ձայնով՝ երգում էր յուր սերը, հանկարծ. տեսավ նա մի նազելի աղջիկ կուժը ուսին, եկավ աղբյուրից ջուր տանելու: Նա մտածեց ինքն իրան «իրա՛վ, դա՛ է լինելու իմ սիրո կույսը, որ սուրբ Կարապետը բաշխել է ինձ»։

Արդարև՛ նա՛ էր, չքնաղագեղ Սալբին, որ լսելով Ռուստամի առավոտյան երգը, ջուրը պատճառ բռնելով՝ եկել էր տեսնելու այն սիրուն տղամարդի երեսը, որ ա՜յնքան այրվում և խորովվում էր յուր սիրով։ Ռուստամը, բռնելով նրա ձեռքից, հայտնեց յուր սերը․ հարցրուց թե նա ևս կամենու՞մ էր սիրել իրան. աղջիկը կարմրելով հնչեց այն սուրբ բառը— «այո՛», և մեկ զույգ համբույր կնքեց նրանց ուխտը...։

Այնուհետև ժամադիր եղան նրանք այն նվիրական աղբյուրի մոտ՝ երբեմնապես միմյանց տեսնելու։

Մենք կդնենք այստեղ սիրո առաջին երգը, որ Ռուստամը երգեց Աղվանա սարերի մեջ։

Սե՛ր իմ, ո՛վ սեր, սե՛ր,
Ա՜խ, դու անգու՛թ սեր, Տարար խե՛լք-միտքրս՝
Գլխիս եղար տեր։
Ո՛վ իմ սիրո կույս,
Հատոր իմ հոգվույս,
Առանց քե՛զ, մի ժամ
Կյանքից չունիմ հույս։
Մարդիկ անհամար
Ինձ խենթ, խելագար
Կոչում են այժմուս՝
Դու՛ եղար պատճառ: