Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորության համեմատ, պառավները և ծերունիները պետք է ամեն օր շարունակ ժամ գնան, բայց երիտասարդ կանայք, նորահարսերը, և մատաղ օրիորդները եկեղեցու երես են տեսնում ամբողջ տարվա ընթացքում՝ միայն երկու անգամ, այսինքն Մեծ և Փոքր Զատիկներին, որ «սրբություն», առնեն և հաղորդվին Քրիստոսի հետ։

Բայց տիկին Սկուհին տանը մնալով՝ բոլորովին հանգիստ չէր — նա անդադար աշխատում էր այս և այն առտնին գործերով, զգուշանալով՝ չլինի թե նրա սկեսուրը ժամից դառնալուց հետո, տան մեջ մի չնչին անկարգություն գտնելով՝ սկսեր նրան նախատինք տալ։

— Աղջի՛, Նազլու՛,— վերջապես ձայն տվեց տիկին Սկուհին յուր աղախնին,— գնա՛ փարախի գավիթը— հավերը թառը քշիր, ծառաներին պատվիրիր փարախի երդիկները փակեն։ Ու՜Հ , ո՜րքան ցուրտ է այսօր։ Չմոռանաս դառնալու ժամանակ Պողոսին վախեցնել, որովհետև նա անդադար լացում է...»

Նազլուն դուրս գնաց, բայց փոքրիկ Պողոսը ավելի՛ և ավելի՛ էր լաց լինում, ո՛վ դիտե ինչ բանի համար։

Մի քանի րոպեից հետո, դռան հետևից լսելի եղան զարհուրելի կըռմռալու ձայներ։

— Ը՜-շ-շ-շ․․․ Ը՜-շ-շ-շ...— ձայն տվեց տիկին Սկուհին — արջարոզը... արջամարոզը... սո՜ւս... սո՜ւս...

Բայց Նազլուի զարհուրելի կըռմըռոցը դարձյալ լսելի եղավ։

— Վա՜յ... արջամարո՜զը... եկա՛վ, եկավ։ Պո՛ղոս եկավ, որ քեզ ուտի,— կրկնեց մայրը։

Բայց հանկարծ Նազլու՛ն ներս մտավ։ Վա՜յ, հարսիկ, ես մեռա... սիրտս տրաքեց... լեղիս պատռվեց․․․ամա՜ն, ես մեռա։

— Ա՛ղջի, Նա՛զլու, սև հագնես, ի՞նչ է, ի՞նչ պատահեց քեզ,— հարցրուց տիկին Սկուհին՝ զարմացած ձևանալով։

— Ամա՜ն աստված...— առաջ տարավ Նազլուն կցկտուր ձայնով,— ո՜ւհ, երբ միտքս բերում եմ, մարմինս սարսռում է, ախոռատան բակում, տեսա մի զարհուրելի հրեշ, պոչը երկայն, ինքը մազոտ, աչքերում կրակ էր վառվում, գլխի վրա երկու եղջյուր ուներ․․․։ Նա յուր ճանկերի մեջ բռնած՝ ուտում էր մեր մշակ Խաչոյի տղան — փոքրիկ Սահակը... ա՜խ ինչպես ցավագին լա՛ց էր լինում խեղճ Սահակը...

— Է՜հ, հողը քո գլխին, Նա՛զլու,— ասաց տիկին Սկուհին — իրավ դու տեսել ես մարդագայլը, բայց նրան այլևս, թե իմ փոքրիկ Պողոսը այլևս լաց չի լինում: