Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ խոսք, ի՞նչ բան,— հարցրուց շտապով Ռուստամը։

— Վախենում եմ. ասեմ, սիրտդ կոտրվի։

— Չէ, ասա՛, իմ սիրտը կոտրվող սիրտ չէ։

— Ասում են, մելիքը՝ խանի մոտ սատանայություն է արել քո ձիու, մասին, և խանը ասել է՝ «կառնեմ Ռուստամի ձեռքից, հայն ի՜նչ է, որ լավ ձի նստի, հային՝ էշն ու յուր խղճությունն է՛լ է բավական ...»:

— Այ տղա, ո՞րքան միամիտ ես դու,— խոսեց պատանին արհամարհանոք. ես քեզ այդքան երկչոտ չէի կարծում, Խաշո՛, ասենք թե ես մի լավ ձի չունեմ, մի սիրուն կնիկ ունեմ. խանը պիտի իմ ձեռքից առնե՞, մի թե կարո՜ղ է մի այդպիսի բան։

— Հա՛, Ռուստամ, քանի որ մենք այդպես գերի կմնանք այդ անօրենների ձեռքում, որ ոչ աստված ունին, ո՛չ խղճմտանք՝ մեր տունը, մեր տեղը, մեր գույքը, մեր ապրանքը՝ ինչ խոսքս երկարացնեմ, նույնիսկ մեր կինն և որդիքը — մերը չեն... ինչ որ ուզեն՝ կանեն, ինչ որ կամենան՝ կկատարեն...։ Տեսա՞ր անցյալ օր, ո՛րպես անիրավությամբ խլեցին տարան Միհրապի թոռը, այն աննման աղջիկը։ Նրա ծնողները բացի լալուց՝ ոչինչ չկարողացան անել։ Նրա ա՛յնքան բազմաթիվ դրացիները, բոլորը երկյուղից փախան, իրանց տներում թաքնվեցան և դռները փակեցին։ Խղճալի Նարկիզը, որպես մի անմեղ գառն՝ մնաց գայլերի ճանկերի մեջ․․․

Այդ խոսքերը վառեցին դյուրագրգիռ պատանու սիրտը․ ցավակցության զգացողությունից՝ մի քանի կաթիլ արտասուք երևաց նրա տխրած երեսի վրա։ Նա շրջեց երեսը և արագությամբ սրբելով արտասուքը ասաց.—

— Այդ իրա՛վ է, Խաչո, մի այսպիսի երկրի մեջ հայի աստղը խավար է... բայց հավատացնում եմ քեզ, քանի որ իմ գլուխը կենում է այս ուսերի վրա, չկարծեմ մի մարդ կարողանա իմ տնից բռնությամբ մի բան տանել։

Խելացի Խաչոն ոչինչ պատասխան չտվեց։ Նա գիտեր, որ մի տարապայման տենչ՝ աներևույթ կերպով եփ էր գալիս այդ մանուկ սրտի մեջ. բայց անհնարին տխրությամբ կրկնեց յուր պապերի ասածը. «Մի ձեռքը ծափ չէ զարկում»։ Ռուստամը կրկին մոտեցավ ձիուն, ձեռքը քսեց նրա պարանոցին, հարդարեց նրա նորաբույս բաշը և կամենում էր դուրս գալ փարախից, երբ նրան կանգնեցրին մի քանի հոգի։

— Աղա ,— ասացին նրանք,— այս օրվա փոթորիկը մեզ հնար չտվեց փարախից դուրս գալ և մեզ համար ուտելու հաց մուրալի