Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սերն աստուծո պատվիրեցեք, որ այս գիշեր կերակրեն խեղճերիս:

— Մի՞թե դուք գնում եք դռներից հա՞ց մուրալու, և դրանով ամո՞թ բերում մեզ վրա, միթե իմ հայրը և ես չե՞նք պատվիրել, որ ամեն օր ձեզ օրական պատշաճավոր կերակուր տան,— հարցրուց տհաճությամբ Ռուստամը։

— Ճիշտ է, ա՛ղա,- պատասխանեցին նրանք միաձայն,— բայց մենք շնորհակալ ենք և՛ նրա համար, որ դուք տվել եք մեզ տաք օթևան ձմեռելու։ Այդ բավական է. դրանից ավել պետք չէ ծանրություն տալ։

— Ո՛չ, ո՛չ, ես կվշտանամ, եթե ձեզնից մինը բախե ուրիշի դուռը. քանի այստեղ եք, դուք աստուծո հյուրն եք, մեր պարտականությունն է հոգս տանել ձեր ապրուստի համար.— հացը մերը չէ՛, աստուծո տվածն է։

Այնուհետև Ռուստամը առանց ուշանալու դուրս գնաց փարախից, մտավ յուր մոր մոտ, և բարկանում էր նրա վրա, թե ինչո՛ւ օրինավոր կերպով հոգս չէր տանում անբախտներին՝ որ ապավինած էին իրանց ողորմության։ Դրանք մի հայ գերդաստանի ընտանիքն էին, որոնց գյուղը բոլորովին կողոպտել էին քուրդերը, և բնակիչները ապրուստի համար ոչ մի հնարք չունենալով` ցիրուցան էին եղել զանազան կողմեր, և բարի քրիստոնյաները ընդունելով նրանց իրանց տները` պահպանում էին։ Մահտեսի Ավետիսը տեղ տվեց յուր փարախում այդ անբախտ ընտանիքներից երկուսին:

Դռան մուրճը զարկեց։

— Է՛յ, նա՛զլու,— ձայն տվեց տիկին Սկուհին,— ժամավորքը եկան, գնա՛, դուռը բաց արա։

Թեթևաշարժ աղախինը վազեց, դուռը բաց արավ, ներս մտան Հուրի Խան-Դայան և նրա որդի մահտեսի Ավետիսը։

Հուրի Խան-Դայան, կռացած յուր գավազանի վրա, դողդողալով, տքտքալով առաջ էր դնում, հասնելով տան շեմքի վրա, «ի մուտս իմոյս սենեկիս գծագրեա՛ քո արյամբդ» ասելով ներս մտավ:

Այդ մոլեռանդ պառավը, որի ամեն մի քայլը, ամեն մի շարժվածքը ունեին մի-մի խորհրդական գաղտնիք, խրճիթը ներս մտնելուց հետո, սկսեց կատարել յուր սովորական ծեսերը։ Նա ջերմ հավատով, երկրպագություն տալով, երեսն խաչակնքելով՝ մոտեցավ խրճիթի արևելյան անկյանը, ուր պատուհանի մեջ դրած էին մի քանի սրբությունք և մի սրբի պատկեր։

Այստեղ, այս ուխտյալ պատուհանի հանդեպ, երկար, կանգնած