Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղոթում էր նա, ստեպ-ստեպ ծունր դնելով, երեսին խաչ հանելով և «տեր ողորմյայի» հատիկները ամեն մեկ անգամ տեր ողորմյա՛ ասելու ժամանակ` դարձնելով։ Վերջապես, «զի քո է արքայություն և զորություն» ասելով, ուսերի վրա նստած բարի և չար ոգիներին դեպի աջ և դեպի ձախ կողմերը գլուխ տալուց հետո, և խրճիթի չորս անկյուններում նստած պահապան ոգիներին նույնպես երկրպագություն տալուց հետո,— մի առանձին ջերմեռանդությամբ «ողորմյա աստված» ասելով` գնաց նստեց քուրսու մոտ։

Խրճիթը, ուր հավաքվել էր նույն ժամանակ տեր-Առաքելենց փոքրիկ գերդաստանը — խորին մելամաղձական լռության մեջ էր։ Տիկին Սկուհին, քուրսուց հեռու, մի անկյունում առանձնացած, օրորում էր յուր փոքրիկ Պողոսը։ Նա չէր համարձակվում գնալ թոնրի մոտ, ուր այն ժամանակ նստած էր յուր սկեսուրը։ Նազլու աղախինը` ձեռքը ծնոտին դրած նստել էր տիկին Սկուհու մոտ։ Պատանի Ռուստամը, ձեռքերը սրտին դրած` կանգնել էր հոր սպասին, հնազանդությամբ սպասելով — երբ նա կհրամայեր վառել ծխափողը և կամ մի այլ ծառայություն։ Հուրի Խան-Դայան մեջքը տված քնաշորերի ծալքին, ոտքերը մեկնել էր քուրսու տակ, որ գրված է թոնրի վրա։ Մահտեսի Ավետիսը միայն նստած էր մոր մոտ` լուռ և անխոս։

Հուրի Խան-Դայայի դեմքը ձևացնում էր մի տխուր և տրտում պատկեր, որի կծու արտահայտությունը` բարկության սաստիկ բորբոքումն էր բացահայտում, որ նույն րոպեին խռովում էր նրա սիրտը։ Մոխրագույն կատուն, նրա սիրելի կենդանին, կռմռալով` քծնում էր յուր պառավ տիկնոջ չորս կողմը, բայց և այնպես չկարողացավ յուր քնքուշ հաճոյամոլությամբ ամոքել նրա ճակատի կնճիռը։ Երկար լռությունից հետո, հանկարծ, որպես մի սև թուխպ, որ ծածկում էր երկնքի ավելի մեծ տարածությունը` որոտաց, թնդաց և խորշոմած աչքերից կայծակներ արձակելով, պոռաց նա յուր ժանգոտ ձայնով դեպի տիկին Սկուհին.

— Տո՛, փուչացած, այս տան սուրբը-սրբությունքը դու իսպառ խափանեցիր, քեզնով մեր քրիստոնեությունը կորա՛վ։ Չէ որ այսօր կյուրակեմուտ իրիկուն է, քանիցս պատվիրել եմ այսպիսի գիշերներին խնկածխությունը անպակաս լինի այս տան մեջ, և սուրբ պատուհանի առջև, բացի ամենօրյա կանթեղից նա և վառվեն յոթն մեղրամոմի պատրույգներ։ Դրանցով մեր տան բարի ոգիները կուրախանան, իսկ չարերը կտրտմեն։ Խաչապաշտի տուն է, այդպես պետք է կատարել տիրոջ օրենքները։ Է՜լ ի՞նչ խորհուրդ