Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի հայ-քրիստոնեությունը, ի՞նչ է այն բարի հրեշտակների վարձը, որ միշտ պահպանում են մեզ,— այն մի բուռն սուրբ խունկը, որի անուշահոտությամբ զվարճանում են նրանք։ Ինչո՞ւ Չարին ուրախացնենք, որ Բարին տրտմե և մեր ձախ թևի վրա սատանան նստած գրե մեր մեղքերը յուր դավթարի (տերտրակ) մեջ։ Է՜հ, «սևին սապոն ինչ անե. խևին խրատը»: Այդ առաջին անգամը չէ... ես մինչև այսօր քեզանից մի խելացի բան չեմ տեսել:

Խղճալի Սկուհին, թեպետ մի հասունացած կին էր և երկու երեք զավակների մայր, միտ դնելով լռություն պահելու և ծերերի խոսքը պատվելու կանոններին, ո՛չ միայն օրինավոր կերպով յուր իրավունքը կարող չէր պաշտպանել նրա առջև, այլև թույլատրելի չէր նրան յուր կեսրոջ մոտ համարձակ խոսել: Այսքանը միայն կարողացավ ամոթխածությամբ յուր երեսքողի տակից Նազլուի լեզվով ասել նրան.

— «Թող ներե բարի սկեսուրը, հավատացնում եմ բոլոր սրբերի անունով, որ այդ գործի մեջ մի մազաչափ մեղք չունիմ։ Որովհետև մեր տան խունկը վերջացել էր, ուղարկեցի պառավ Մարթայից փոխ առնելու, նրանք էլ հազիվ թե այս գիշերվա համար ունեին, և մոռացա շուկայից բերել տալու»:

— Հոգեշահ և աստվածահաճո գործերը կմոռանաս գիտե՛մ,— կրկնեց պառավը գլուխը շարժելով,— բայց ուտելու համար չամիչ, կամ խուրմա լիներ, երբեք չէիր մոռանա շուկայից բերել տալու:

Տիկին Սկուհին չկամենալով սկեսուրի աչքի առջև կանգնելով ավելի բորբոքել նրա բարկությունը և առիթ տալ նոր դժգոհությանց, դուրս եկավ խրճիթից, գնաց հոգալու անբախտ ընտանիքների ընթրիքի մասին, որի համար պատվիրել էր իրան Ռուստամը:

Մահտեսի Ավետիսը, գիտնալով յուր մոր տրտնջոտ և քրթմնջոտ բնավորությունը, ոչինչ չխոսեց, գլուխը քարշ ձգած տնից դուրս եկավ, գնաց անասունների փարախը չորքոտանիներին վերահասություն անելու համար։

Հուրի Խան-Դայան միայնակ մնաց խրճիթում, նստած քուրսու մոտ։ Այնտեղ մնաց Նազլու աղախինը, որ լուռ կանգնած էր մի անկյունում մռայլ աղջամուղջի մեջ: Հուրի Խան-Դայային խիստ զգալի եղավ յուր որդու և հարսի այդպիսի վարվեցողությունը։ Նա, առժամանակյա լռությունից և ծանր մտածմունքից հետո, գլուխը խոնարհեցնելով, ձեռքը ծնոտին դրած, սկսեց ինքն իրան խոսել, մտաբերելով յուր հանգուցյալ ամուսինը`քահանա տեր Մինասը, և յուր օրհնյալ տունը, որ նրա օրով մի նոր Երուսաղեմ էր։ «Քո հոգին