Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազարներ և հազարներ կազմող կանանց ստրկական վիճակի պատկերումը։ Նա լավ գիտե, որ թե՛ «հարեմխանաներում» և թե՛ նրանցից դուրս ժողովրդի մի զգալի մասը-կինը-կատարելապես իրավազուրկ է, ոտնահարված է իբրև մարդ և ամեն քայլափոխում զոհաբերվում է բռնակալների սահման չունեցող կրքերին։ Սուր, բացահայտ մերկացումներով վիպասանը դիտել է տալիս կրոնի, շահի, իշխանի գերիշխանության ողբերգական հետևանքները հասարակության կյանքում։ Վերևում՝ տիրող խավերի ու դասակարգերի առօրյայում-զեխություն, հարստություն, հղփացում, ցոփ ու շվայտ կյանք, բռնության և անօրինության վրա կառուցված լիրբ իշխանություն, ներքևում` վիշտ, տառապանք, արցունք, արյուն, ստրկություն։ Շահի, իշխանի պալատների ու ապարանքների յուրաքանչյուր քար ներկված է խեղճերի արցունքով ու արյունով։ Րաֆֆին հիանալի բացահայտել է ֆեոդալական բռնակալության հակաժողովրդական ու շահագործական էությունը։ Վեպում գործող պարսիկ բանաստեղծ Միրզա-Շաֆին դատապարտում և այսպես է բնութագրում իր իսկ «Հայրենական տունը».-«Ապագան մերն է։ Այն ժամանակ այդ իշխաններն, այդ խաներն, այդ բեկերն, այդ վնասակար արարածներն` այլևս չեն կարող ժողովրդի արյունը ծծելով պարարտացնել իրանց փորը։ Այլևս չեն կարող դիզել յուրյանց պալատներում երկրի հարստությունը և լցնել յուրյանց հարեմխանան մեր աշխարհի ամենագեղեցիկ աղջիկներով»[1]։ Ստրուկների անունից է խոսում Միրզա-Շաֆին, երբ նա ասում. «Եթե նոցա բոլորի արտասուքը միախառնվեին, այդ ահագին պարիսպները կխորտակվեին նոցա հոսանքի առջև»։

Վեպը, բացի նրանից, որ պատռում է բռնակալության դիմակը և բարձրացնում թանձր վարագույրի հետևում թագուցած ողբերգական իրականության պատկերը, ցույց է տալիս նաև, թե ինչպե՛ս են գտնում միմյանց բոլոր տանջահար մարդիկ և անկեղծորեն բարեկամանում։ Բռնակալությունը մի է, բայց շատ են այն ժողովուրդները, որոնց զավակները տառապում են նրա լծի տակ։ Հայը, վրացին, խափշիկը, պարսիկը, ասորին, հրեան օր ու արև չունեն։ Հայերին ու վրացիներին սրով ու թրով Պարսկաստան էր քշել Աղա Մահմեդ խանը, կրակի էր մատնել սիրելի Գյուրջիստանի մայրաքաղաք Թիֆլիսը։ Մեծ է նրանց մեջ կարոտի զգացմունքը դեպի իրենց հայրենիքը, և նրանք ուղիներ են որոնում վերադառնալ, հասնել երկիր, ուր նրանց աչքերի առաջ բարբարոսները սրախողխող էին արել բազմաթիվ հարազատների։

Փրկության հույսը սրտներում ստրուկ հայերն ու վրացիները տենչում են ազատություն։ Այդ ազատությունը բերում է Ռուսաստանը։

Րաֆֆին շատ դրական է համարում Հայաստանի և Կովկասի միացումը Ռուսաստանին: «Ռուսները հաղթում են և տիրում են պարսից խանություններին։ Բոլոր հայերն ոտքի են կանգնած, ուզում են ազատվել պարսից լծից»[2]։ Ռուսները, ասված է վեպում, գերի չեն առնում և պարսիկների նման չեն թալանում, նրանք ապահովում են հայերի ինչքը, կյանքը, կրոնը, լեզուն, նրանք վերջ են տալիս պարսիկ խաների արյունռուշտ տիրապետությանը[3]: Հայաստանի և Կովկասի միացումը Ռուսաստանին ոգևորում է Պարսկաստան բռնի քշված հայերին ու վրացիներին,

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 450, Երևան, Հայպեահրատ, 1955 թ.։
  2. Նույն տեղը, էջ 464։
  3. Նույն տեղը, էջ 465։