Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թող միշտ լուսի մեջ լինի, բարի քահանա...», ասաց նա ինքն իրան. «քանի դու կենդանի էիր, այս տունը ուներ հայ-քրիստոնեության համ ու հոտ, բայց երբ որ տերը մեզ զրկեց քեզանից և դու մեզնից հեռացար դեպ երկնքի լուսեղեն պալատները, բոլորը քեզ հետ տարար։ Եվ մեր աստղը խավարեցավ, և մեր բախտը կուրացավ, մեր տան սրբությունները պղծվեցան, անօրենությունը համարձակ ոտք կոխեց մեր շեմքի վրա։ Ըստ այսմ ամենայնի աստծո ողորմությունը անչափ է... լավ է, որ քարը քարի վրա մնում է դեռ, որ երկինքն փուլ գալով մեզ տակով չէ անում, և անդունդը պատռվելով մեզ կուլ չի տալիս։ Փա՜ռք քեզ տեր, փառք քեզ քո բարությունը անչափ է... Ա՜խ, լուսահոգի քահանա...— նորից կենդանանում է նրա ուղեղի մեջ հանգուցյալի հիշատակը,— դու միայն էիր իբրև տան պահապան ոգի. ո՞ր գիշերը առանց «եկեսցե» ասելու, առանց Սաղմոսը և Նարեկը ծայրե ի ծայր կարդալու, առանց յոթանասուն ծունր իջնելու, քունը տիրում էր քո աչքերին։ Քո սուրբ աղոթքների շնորհիվ, մեր խրճիթի չորս կողմը կանգնում էին ամրոցի նման բարձր աշտարակներ և շրջապարիսպ. քանի՜ցս անգամ գիշերին այդ տեսնելով գողերը չէին համարձակվում մեր տունը մտնելու։ Քո ժամանակ մեր տան սրբությունները խավարի մեջ լույս կտային և պահպանող ոգիները խունկերի անուշահոտ բուրմունքից ուրախանում էին։ Բայց երբ դու մեռար, բոլորը քեզ հետ վերջացավ, և մենք մնացինք անմխիթար տխրությամբ՝ իբրև գերի մի մոլորյալ գերդաստանի մեջ։

Մինչ Հուրի Խան-Դայան այդօրինակ խորհրդածությանց մեջ էր, նրա մտածմանց ամբոխմունքը ցրվեց փոքրիկ Պողոսի լացի ձայնը, նա հրամայեց Նազլուին, որ յուր մոտ դնե յուր թոռան օրորոցը և յուր թույլ ձեռքով սկսեց օրորել նրան։ Յուր ամուսնի հիշատակը, յուր տան վաղեմի օրերի անմեղ, կրոնական կյանքն, որ նույն րոպեում վառել էին նրա երևակայությունը, առիթ եղան բորբոքելու նրա սառը սրտի մեջ բանաստեղծական շիջած կայծերը և նա ջերմ ոգևորությամբ սկսեց երգել, հանդարտ շարժելով յուբ թոռան օրորոցը.

Քնե՛, քնե՛ սիրուն թոռնյակ,
Քնե՛, անուշ դու քնով.
Օրորոցդ հանդարտ կշարժեմ
Ես մայրական ջերմ սիրով:

Քնե՛, քնե՛ անմեղ հրեշտակ,
Քնե՛, անուշ դու քնով.