Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ը

ՄԻ ԾԱՂԻԿ, ԽԵՂԴՈՂ ՓՈՒՇԵՐԻ ՄԵՋ

Մի օր, մի անծանոթ հյուր հայտնվեցավ տեր-Առաքելենց տանը, մի տղամարդ, երեսունհինգ տարեկան, վայելուշ հասակով և եվրոպական հագուստով։ Նրա անունն էր Արամ Աշխարունի, բնիկ պարսկաստանցի, որը բարեբախտություն էր ունեցել իր տասնևչորս տարեկան հասակում հանդիպելու մի ամերիկացի ճանապարհորդի և նրա հովանավորությամբ տարվում է նոր աշխարհը և յուր բարերարի շնորհիվ ընդունվում է որպես աշակերտ Նյու-Յորքի մի աստվածաբանական ճեմարանի մեջ։

Յուր ուսումն ավարտելով` պարոն Աշխարունին ստանում է աստվածաբանության վարդապետի տիտղոս. դուրս գալով ճեմարանից` մտնում է միսիոնարական կարգը և որպես առաքյալ Ավետարանի քարոզության` ուղարկվում է Հնդկաստան։ Այնտեղ հինգ տարի շարունակ աստծո խոսքը բարբարոսներին քարոզելով և միանգամայն լեռնաբնակներից սաստիկ վերքեր ստանալով, պարոն Աշխարունին հիվանդ տարվում է Ամերիկա։ Բայց առողջանալուց հետո յուր կյանքի մնացյալ օրերը յուր ազգին պիտանի կացուցանելու մտոք, նորահաս քարոզիչը, աշխարհի երեսին երկար թափառելուց հետո` դադար է գտնում Պարսկաստան։

Տեսնելով յուր ազգակիցների ցավալի վիճակը` «խեղճը եկավ նրանց վրա, որ աշխատած և ցրված էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեինք։ Ընդունվելով տեր-Առաքելենց տանը` պարոն Աշխարունին մի քանի օրից հետո հայտնեց մահտեսի Ավետիսին, թե ինքը պատրաստ էր բոլորովին ձրիաբար ծառայել նրա զավակների ուսման և կրթության։ Մահտեսի Ավետիսը սիրով հոժարվեցավ այդ առաջարկության։ Եվ շուտով պարոն Աշխարունին աշակերտներ ունեցավ հանձին պատանի Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի։ Բայց տարվա ընթացքում նա ունեցավ և այլ աշակերտներ և աշակերտուհիներ, որոնց ծնողները աղքատ մարդիկ լինելով և օգուտ քաղելով ձրի դասավանդությունից, իրանց