Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեխաները դուրս բերելով տերտերների և տիրացուների տնից հանձնում էին պարոն Աշխարունուն։

Պարոն Աշխարունին տեսնելով յուր գործի հաջողակ ընդունելությունը և այն, որ օրեցօր բավական ավելանում էր նրա աշակերտների թիվը, մտածեց ավելի կազմակերպել յուր վարժարանը։ Տեր-Առաքելենց վրա ծանրաբեռնություն չլինելու համար, նա վարձեց մի այլ տուն, ուր հաստատեց երկու սեռի մանկանց համար երկու առանձին դպրատներ։

Բայց նրա գործին ավելի շատ ուժ և զորություն տվող մեկենասը մահտեսի Ավետիսն էր։ Իսկ երբ պարոն Աշխարունու հեռավոր բարեկամները հասկացան նրա հաջողակ գործունեությունը Պարսկաստանում, խոստացան նյութապես օգնել նրան, որով ժրաջան վարժապետը միտք ուներ առավել բարեկարգել յուր վարժարաններին դրությունը։ Բայց հանկարծ մի փոթորիկ բարձրացավ խառնիճաղանջ տգետների կողմից և «նրա սերմերը փուշերի մեջ բուսան, և փուչերը խեղդեցին նրանց»։

Խավարասեր տերտերները, որկրամոլ տիրացուները՝ զրկվելով արաղի (օղի) և գինու սրվակներից, քուֆտայի և տոլմայի ամաններից, և այն բոլոր պատիժներից, որ նրանք ստանում էին իրանց աշակերտների ծնողներից, որպես երկրորդական վարձք, սկսեցին չարաչար նախանձիլ, և հրեական աղմուկներ բարձրացնելով ասել, թե «դա մոլորություն է ուսուցանում»։ Օգնական գտնելով իրանց վիճակային առաջնորդ տեր Սուրմակյան արքեպիսկոպոսին և Ծաղկավանի աղա Մելիք Պիղատոս Ավազակյանցին և մի քանի վասակներին և մեհրուժաններին, իրանց բոլոր կատաղությամբ մոլեգնած ամբոխը, մի բան կաշառք տալով խանին, փակեցին պարոն Աշխարունու վարժարանի դռները արգիլելով ժողովրդին իրանց որդիքը նրա մոտ ուսանելու ուղարկելուց։

Պարոն Աշխարունին մնաց դարձյալ առանց աշակերտի, տրտում և հուսահատ, յուր պարապմունքը նվիրելով միայն տեր-Առաքելենց Ռուստամի և նրա մորաքույր օրիորդ Սալլաթինի կրթության և մի քանի այլ աշակերտների, որոնք գաղտնապես ուղարկվում էին նրա մոտ։

Պետք է չմոռանալ մահտեսի Ավետիսի ազգասիրական զոհաբերությունները, որ չնայելով թե այն տարին նրա այգին շատ վնաս էր բերել, նա միշտ պաշտպան կանգնեց գիտնական վարժապետին, ամենևին չթուլացնելով յուր մեջ ուսումնասիրության եռանդն ու փափագը։