Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև, երբ նա զարկում է իմ ձախ երեսին, և ես դարձնում եմ և աջ երեսս, նա` իմ հնազանդությունը խոնարհության տեղ դնելով չէր դադարելու չարությունից, այլ կասեր «դե՛, գլուխդ էլ... Բայց մենք մարդիկ ենք, աստված ստեղծել է մեր գլուխը ուղղաբարձ դեպ վեր, ամոթ է մեզ, երբ մենք, անասուններին հավասարվելով ընդունենք այդ անարգությունը, մեր գլուխը խոնարհեցնելով և ուրիշի ոտքի տակը տալով։

Նրան ասում են թե Քրիստոս հրամայել է, ով որ շապիկդ ուզե, ապադ (վերարկու) էլ տուր։

— Տո՛, անխելք տնաքանդ ասում է նա,— դու կարծո՞ւմ ես, թե վերարկուս տալով գո՞հ էր լինելու նա, ոչ, ամենևին ոչ. դուք չգիտեք թե մարդիկ ո՛րքան անհագ և չկշտացող էակներ են...: Եթե վերարկուս տամ, կասե` «փոխանդ էլ տուր»։ Այդ ևս տվի...: Դու կարծում ես ձե՞ռք կվեր առնի, մինչև բոլորովին չմերկացնե և կաշիս էլ չառնե: Բայց «ինչո՞ւ ես փրթեմ, ուրիշը քերթե».— «Ջաֆեն ես քաշեմ, ձվաձեղը Գասպարն ուտե»։ Այս աշխարհում ամեն ինչ պարտք է, ո՛չ ոք չէ ցանում յուր սերմը` ուր հույս չունի հնձելու. ոչ ոք չէ տալիս, երբ հույս չունի առնելու. միով բանիվ, այս աշխարհում ո՛չինչ բան ձրի չէ, ո՛չ միայն մարդկանց ընկերակցության մեջ, այլև աստծո մեջ։ «Շնորհ և զորություն չունեցող սրբին մատաղ չեն կտրում»։ Ես երբեք աստծուն երկրպագություն չէի տալու, երբ գիտենայի, թե նա արքայություն և դժոխք չունի, կամ իմ ապրուստի խնամքը նրա ձեռքում չէ...:

Այդ խոսքերը ոչ թե բխում էին նրա սրտի ներքին զգացմունքներից, այլ նայելով մարդկանց չարությանը` ամենքը կամենում են իրանցից տկարները միանգամայն գերի, ստրուկ և ավանակ շինեն` իրանց հանգստության և վայելչության համար.— այդ պատճառով մեր ոգելից հերոսը տեսնելով մարդկանց մեջ եղած եսական անիրավությունը, տխուր հուսահատությամբ կրկնում էր, թե քրիստոնեությունը տակավին աշխարհի վրա չէ եկել, մարդիկ ապրում են բարբարոսության մեջ։

Ռուստամը կրոնքի և աստծո պաշտոնի մասին յուր հասկացողությունների մեջ նույնպես նախանձոտ և հանդուգն եղավ, որպես յուր նախկին վայրենության մեջ: Նա նայում էր յուր դրացիների սնապաշտության և մոլեռանդության վրա ինկվիզիտորի աչքով նախատական կերպով արհամարհում էր նրանց սնահավատությունը, վիճելով ո՛չ միայն հասարակ ժողովրդականների` այլև եկեղեցականների հետ։ Ռուստամի մի այդպիսի համարձակությունը վշտացնելով