Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատերի սիրտը հարույց նրա դեմ հասարակաց ատելութլունը, և այսպիսով նա ունեցավ բազմաթիվ թշնամիներ։

Մահտեսի Ավետիսը նույնպես չմնաց յուր նախկին գռեհկության մեջ։ Պարոն Աշխարունին բազում ստիպմամբ համոզեց նրան ուսանել յուր մայրենի լեզվի գրագիտությունը և նա մի կարճ ժամանակում ոչ միայն ազատ կարգում էր Աստվածաշունչը, այլև բացատրում էր նրա բազմախորհուրդ մեկնությունները։ Բայց տիկին Սկուհին մնաց յուր նախկին հասկացողության մեջ, նա տակավին հետևում էր փտած հնությանը, և միշտ ենթակա լինելով յուր մոլեռանդ սկեսուրի ազդեցությանը, նրա երկյուղից, նրա նախատինքների տակ խեղճ կինը ոչինչ չկարողացավ սովորել և ըստ հայկական առածի «Աղբյուրի մոտ ծարավ մնաց»:

Հուրի Խան-Դայան՝ տեր֊Առաքելենց գերդաստանի մեջ մի սև անձն էր, որ չէր կարողանում տանել պարոն Աշխարունիի և նրա ամուսնու ներկայությունը, նրանց, ըստ նրա ասության, մոլար վարդապետությունը, որ ավանդում էին իրենց «Ջհուդի Քնիշտայի» մեջ, այդ պատճառով նա անհնարին տհաճությամբ հալածում էր նրանց։ Նա չէր կարողանում սառն աչքով նայել օրիորդ Սալբիի վրա, երբ նա շատ անգամ արձակ համարձակ անցնում էր նրա առջևից առանց ամաչելու, առանց պատիվ դնելունրա ծերության։ Նա չէր կարողանում համբերել յուր թոռան, որպես կոչում էր «լրբություններին», երբ նա յուր աչքի առջև խոսում էր յուր նշանածի հետ, առանց յուր պառավ տատիցը պատկառելու։ Հուրի Խան-Դայան մահու չափ վշտացել էր, տեսնելով յուր տան մեջ յուր պապերի հին սովորությունները խախտված և ոտնակոխ եղած, երբ նրա ընտանիքը այլևս ուշադիր չէր պաս ու ծոմ պահելու, երբ նրանք, այլևս հարգանք չէին մատուցանում սրբերին և նրանց պատկերներին. այդ պատճառով նա ավելի հոժար էր մեռնել, քան կենդանի աչքով տեսնել յուր տան մեջ այդպիսի սրբապղծություն:

Մի գիշեր, երբ տեր-Առաքելենք բոլորը հավաքվեք էին միասին, և Հուրի Խան-Դայայի դեմքը մի գոհունակ հանդարտություն էր ցույց տալիս, մահտեսի Ավետիսը ժամանակը հարմար գտնելով, ուզեց հասկանալ նրա կարծիքը յուր որդու հարսանիքի մասին.

— Մ՛այր իմ,— ասաց նա,— ահա Զրօրհնյաց (ծննդյան) զատիկն անցավ, սուրբ Սարգիսն էլ նրա հետ. մի քանի օրից հետո՝ կգա բարեկենդանը. և նրա հետևից կգա երկար ու ձիգ մեծ պասր: Այն ժամանակ՝ մեր հայրապետադիր կանոնների համեմատ, այլևս պսակ չի լինում։ Էլ ե՞րբ պետք է կատարենք Ռուստամի հարսանիքը։