Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օրիորդ Սալբին ոչինչ չխոսեց, այլ հեռացավ նրանից:

Մի քանի րոպեից հետո, տիկին Թարլանի մոտ մտավ պառավ Մարթան. Հովասաբենց տիկինը պատմեց նրան յուր աղջկա հանդգնությունը, որ համարձակվում էր իրան բան սովորեցնել։

— Աստված ավելի վատթարիցը ազատե,— ասաց պառավ Մարթան վշտացած ձայնով.— ձեր աղջկա այժմյան ավերված բարք ու վարքը գուշակում է մի ցավալի ապականություն նրա բարոյականության մեջ։

— Հա՛, իմ քո՛ւյր, հա՛, ճշմարիտ է ձեր ասածը,— հաստատեց տիկին Թարլանը,— բայց մեղավորը ե՛ս եմ... ե՛ս իմ ձեռքով իմ տունը քանդեցի և իմ աստուծո գառ աղջիկը գազան դարձրի—տալով նրան, ա՛յն մոլորեցուցիչների (Աշխարունենց) ձեռքը, որոնք իմ աղջկան խելքից, ամոթից և շնորհքից դուրս բերին։

— Իրա՛վ, այդպես է, երբ Սալբին իմ աշակերտուհիս էր, տեսնո՞ւմ էիր, թե ո՛րքան խելացի և հնազանդ էր նա, բայց ա՛յժմ, ո՜ւհ, նա արժանի չէ մինչև անգամ սատանա կոչվելու... ոչ մեծ է ճանաչում, և ո՛չ փոքրը՝ բոլորին անպատվում է:

— Միթե մեր պապերը անխե՛լք էին, որ իրենց աղջիկներին կարդալ չէին սովորեցնում, չէ՛, իմացե՛լ են, թե կարդա՛լ ասած բանը ինչ սև կբերե իրանց գլխին։

— Է՜հ, պապերին ո՛վ է նայում, — առարկեց Մարթան.— այժմ «նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում»։

Այսպես, օրիորդ Սալբիի ո՛չ միայն կծու և համարձակ խոսքերը, այլև նրա խորթ և օտարոտի վարմունքը, միանգամայն դեմ էին նրա նեղսիրտ մոր բնավորությանը, և շատ անգամ առիթ էին տալիս նրա դժդոհությանը՝ գրգռելով նրա անտանելի տհաճությունը։ Օրինակ, տեսնում ես մի գիշեր, օրիորդը ճրագի առջև հայելուն նայելով՝ սանդրում էր յուր ծամերը. մայրը բարկանում էր, թե գիշերը վնասակար է այդպես անել, և ստիպմամբ խլում էր աղջկա ձեռքից սանդրը։ Երբ օրիորդը հարցնում էր դրա պատճառը, մայրը այնպիսի հեքիաթներ էր պատմում, որ նրա աղջիկը թուլանում էր ծիծաղելուց։ Այդ արհամարհական ծիծաղները ավելի էին վշտացնում մոր սիրտը, որովհետև օրիորդը ոտնակոխ էր անում մոր խրատները, որոնց մասին, ուրիշները ա՛յնքան մեծակշիռ համարում ունեին։

Ծերունի Մկրտիչը և նրա կին Մարթան, որպես մոտիկ դրկիցներ ավելի գնալ գալ ունեին Հովասաբենց տան հետ, քան ուրիշները։ Շատ անգամ ծերունին, ոգևորված ջերմեռանդությամբ,