Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմում էր «Մանուկ ավետարանից» մի դիպված, և շրջապատողները խորին զմայլանքով լսում էին — հանկարծ՝ մյուս կողմից, օրիորդ Սալբին հեգնական ոճով ձայն էր տալիս — գլուխներս տրաքեց... դարձյալ առասպել․..»։

Ծերունին յուր բարկացկոտ հայացքր ձգելով նրա երեսին, ասում է.

— Աղջի՛ քո մշտական այդպիսի անհավատ խոսքերը առիթ են տալիս կարծելու, թե անտարակույս նեռի մայրը դո՛ւ ես լինելու... քեզնի՛ց պիտի ծնվի աշխարհ ապականողը...։

— Ինչո՞ւ,— հարցնում է օրիորդը բոլորովին սառնությամբ:

— Որովհետև դու չե՛ս հավատում սուրբ պատմություններին։

— Ես չեմ հավատում այն պատճառով, որ մեր ընդունած Ավետարանի մեջ այդպիսի բաներ չե՛ն գրված։

— Միթե սակա՞վ են այն բաները, որ գրված չեն սուրբ Ավետարանի մեջ։ «Եթե ամենը գրված լինեին՝ աշխարհս բավական չէր լինի այդ գրքերը տանելու», պատասխանում է ծերունին հեղինակավոր ոճով։

— Ուրեմն մենք պիտի բավական լինինք գրվածքներով միայն,— կրկնում է օրիորդը հաստատ կերպով։

— Լո՛ւռ կաց, ա՛նհավատ,— մյուս կողմից սաստում է նրան մայրը,— քո չար լեզվին թույլ չէ՛ տրված վիճել քեզնից հասակավոր մարդերի հետ։

Շատ անգամ, օրիորդ Սալբին, բամբասանքի տեղիք չտալու համար, ամենևին ուշադրություն չէր դարձնում տան մեջ կատարվածի մասին։ Բայց պատահում էր, որ նա բաց գլխով սառը ջուր էր խմում, կամ բաց գլխով դուրս էր գնում մութ ժամանակ, կամ ծամոն էր ծամում գիշերը, այդ բոլորի համար նրան հանդիմանում էին ասելով — «եթե բաց գլխով մութի մեջ դուրս գաս՝ չարքերը կզարկեն» գլխիդ, բաց գլխով սառը ջուր խմես՝ ջուրը կթոշի դեպի ուղեղը, մարդ կմեռնի և երբ գիշերապահին ծամոն ծամես՝ մեռելները կնեղանան, իբր թե նրանց միսն ես ծամում։ Իսկ նրանց աղախին Նազլուն գիշերը տունը ավլելու միջոցին շատ անգամ անզգուշությամբ մոռանալով տիկին Թարլանի այդ մասին պատվերը, մոռանում էր նախապես ավելը բռնել ճրագի վրա և ծայրը այրել «հարսանիքի տուն եմ ավելում» ասելով. և տիկին Թարլանը նշմարելով աղախնի մի այդպիսի սխալմունքը, ավելը խլում էր նրա ձեռքից և սկսում է նրանով զարկել խեղճի գլխին։ Ի՞նչպես կարող էր օրիորդ Սալբին զսպել յուր ծիծաղը։ Եվ այդ լռին, խայթող ծիծաղը