Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլազգի լեզուներով, գեղեցիկ՝ ոսկեզօծ կազմերով դրած էին մի անգույն փայտից շինած ապակե կազմ պահարանի մեջ։ Պատուհաններում և լուսամուտներում կարգով շարված էին խեցյա ամաններով ծաղիկներ, նրանց վրա, վանդակների մեջ ճլվլում էին երկու հատ դեղձանիկ։ Այդ սենյակը շինվելուց հետո տիկին Թարլանը մի անգամ ևս չէր մտել այնտեղ, ո՛չ այն պատճառով, որ դա շինվել էր իր հաճության ընդդեմ, այլ որովհետև նրա միջի կահ֊կարասիքը միանգամայն ատելի էին նրան։ Նա չէր կարողանում անտարբեր նայել յուր աղջկա շատ ու քիչ շռայլություն ցույց տվող առանձնասենյակին։

— Ինչո՞ւ,— հարցնում էր նրան աղջիկը։

— Որովհետև,— պատասխանում էր մայրը,— մեր դրացիները, աղքա՛տ թե հարո՛ւստ, բոլորը միօրինակ բնակվում են մրոտ և գծուծ խրճիթների մեջ, իրանց՝ աղքատ և խեղճ մարդիկ ցույց տալու համար, որպեսզի կալվածատեր խանը, կամ մյուս թուրքերը՝ նրանց փողատեր չհամարեին, և գիշերով չկողոպտեն նրանց տները։

Բայց մի այսպիսի շռայլություն՝ գողերի և ավազակների վտանգներից մեր տունը հեռու չէ պահելու։ Բայց օրիորդ Սալբին այդպիսի կասկածներից երկյուղ չէր կրում. «կամ ապրել լա՛վ և մարդկորեն՝ կամ ամենևին ո՛չ․․․», կրկնում էր նա Ռուստամի սովորական առածը։

Մի օր տիկին Թարլանը գնաց մի մոտիկ գյուղ, յուր հիվանդ ազգակցի տեսության։

Հովասաբենց տանը ոչ ոք չմնաց բացի օրիորդ Սալբին և աղախին նազլուն։ Հանկարծ երևան եկավ Ռուստամը, և օրիորդ Սալբիի հետ մտավ նորակառույց սենյակը։

— Բարով, շնորհավոր լինի,— ասաց պատանին ուրախությամբ, քնքշաբար սեղմելով օրիորդի ձեռքը։

— Բարով վայելես, Սալբի, ահա մարդավարի բնակարան, ես շա՛տ եմ հավանում:

— Ի՞նչ արած... մաշվեցանք խլուրդների նման խրճիթի ծակամուտներում՝ ծուխ ու մուխ կուլ տալով. գոնյա՝ այսուհետև կարող ենք ազատ շունչ քաշել։

— Իսկ ձեր մա՞յրը։ — Իմ մայրը իր հին զուռնան է փչում... նա տակավին այստեղ չէ մտել. նա չէ ուզում հեռանալ յուր նվիրական խրճիթից։

— է՛հ... ահա՛ ինչ է նշանակում կույր նախապաշարմունք...։

— Հա՛, Ռուստամ,— քնքշաբար ավելացրուց սիրուն օրիորդը,— դա՛ է ամենածանր և ամուր շղթաներով կաշկանդում թույլ մտքերը։