Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտավ Դուշմանաց սարերի ետևը, թողնելով ամպերի վրա մի քրքմագույն շառավիղ։

Երեկոյացավ։

Ատրպատականի Ծաղկավան գյուղի մեջ, սուրբ Գևորգ եկեղեցում, երեկոյան հասարակ ժամասացությունը վերջանալով՝ քահանաները և տիրացուները՝ ժողովրդի հետ՝ դուրս էին եկել բակը — տյառնընդառաջի տոնախմբությունը կատարելու։ Եկեղեցու գավթի մեջտեղում, դռան առջև, դիզած էր վառելի նյութերի մի մեծ կույտ, որոնցով պիտի վառվեր նվիրական կրակը: Վառելիքի արևմտյան կողմում, երեսը դեպ արևելք դարձրած՝ քահանան բարձր և ձգական ձայնովի կարդում էր տյառընդառաջի Ավետարանը[1]։ Տիրացուները, ոմանց ձեռին բուրվառ, ոմանց՝ քշոց, և ոմանց էլ փոքրիկ զանգակներ, իսկ ժողովրդի ձեռքերին վառած մոմեր,— բոլորել էին վառելիքների շուրջը։ Նրանց ետևը, երեսները ծածկած, փաթաթված իրանց սպիտակ չարսավների մեջ՝ կանգնել էին կանայք. և այստեղ ու այնտեղ խառնիխուռն վազվզելով աղաղակում էին երեխաները։

Սուրբ Ավետարանի ընթերցվածը վերջացավ. քահանան դպիրների հետ միաձայն սկսեցին երգել «Քրիստոս փառաց թագավոր» շարականը. քշոցները զրնգզրնգացրին, փոքրիկ զանգակները ճնգճնգացրին և այդ անախորժ նվագի հետ միախառնվելով ժամասացների անձև-անկանոն երգեցողությունը, ժողովրդի անխորհուրդ աղաղակը,— թնդեցնում են օդը խառնափնթոր ներդաշնակությամբ։ Եկեղեցու բակում ձևացել է մի բաբելոնյան բլբլոց[2]:

Քահանան բարկությամբ, ձեռքով նշան է անում,— վայրկենապես տիրում է խորին լռություն։ Տեր Մարկոսը,— այսպես էր տերտերի անունը,— մեքենաբար երեսը դարձնում է դեպ բազմությունը և մի ճարտար քարոզողի ոճով խոսում է նրանց մի «ծանուցում», թե ինչ խորհուրդ ուներ այն ավուր տոնը։

— Այսօր, իմ սիրելիք,— ասում է նա,— այսօր սուրբ եկեղեցին հանդիսով կատարում է տյառընդառաջի խորհրդական տոնը։ Այսօր Քրիստոսի ծնողքը՝ օրենքին համեմատ տանում են Հիսուս

  1. Երբ քահանան կարդում է Սիմոն ծերունու սուրբ Մարիամին ասած այն խոսքը թե «Եւ ընդ քո իսկ անձն ացցէ սուր»,— ժողովրդի ամեն մի անդամ, դանակով կես է կտրում յուր ձեռքի մոմը, որ խնամքով պահում է յուր մոտ, որպես կախարդական զորություն՝ մինչև հաջորդ տյառընդառաջ։
  2. Բլբլոց կամ բլբլացնել — բառը գործածական է Պարսկաստանի հայերի բարբառում,— նշանակում է՝ լեզուն խառնել։