Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանուկը տաճարը ներկայացնելու տիրոջ առջևը։ Այսօր ինքնին բացվում են աստվածորդու առջև այն դռները, որ հին ժամանակներից փակված էին Եզեկիել մարգարեի ձեռքով։ Եվ Սիմեոն ծերունին, երեք հարյուր վաթսուն և չորս տարի աղոթքով և ճգնությամբ տաճարի մեջ ապրելով, վերջապես յուր գիրկն է ընդունում Իսրայելի և հեթանոսների փրկիչը, գուշակելով՝ թե որպիսի սրերով էր խոցվելու նրա խեղճ մոր՝ Մարիամի սիրտը։ Եվ Աննա մարգարե կինը, շարված սուրբ հոգիից, խոսում է բազմությանը և նրա ծնողներին, թե նա՛ է աշխարհի փրկիչը և մարգարեների ակնկալությունը։ Բայց նույն ժամուն ամբողջ Երուսաղեմը դղրդվում է, մարդկանց մեջ մի անհասկանալի խռովություն է ընկնում։ Մարդկանց անթիվ բազմություններ, գրգռված գաղտնի ազդեցությունից, ջահեր, լապտերներ, մոմեր և կրակ վառած՝ կոչում, աղաղակում էին. «գնանք տերին ընդառաջ». այդ պատճառով մեր սուրբ հայերը այդ տոնին տյառընդառաջ անունն են տվել, որի հիշատակը կատարում ենք, վառելով այդ սուրբ կրակը, այն կրակավառության փոխարեն, որ հրեաները կատարեցին։

Տեր Մարկոսի հրամայելով, վառելիքի շուրջը բոլորեցին տասնևհինգ նորահաս տղամարդիկ, հարսանիքի հագուստներով, դրանք նույն տարվա նորապսակ փեսաներն էին, որոնց ձեռքով սովորություն էր վառել սուրբ կրակը։

— Բայց եկեղեցին,— առաջ տարավ քահանան,— այդ սուրբ կրակը, այդ ազնիվ զոհաբերությունը, սիրո այդ միակ օրինակը և նշանը, նվիրում է յուր երկնավոր փեսայի հիշատակին, որ այսօր խոնարհվել է՝ կապելու յուր պսակը յուր նորահարսի — եկեղեցու հետ։ Տիրոջ համար արդար ծառաներ բազմեցնելու համար։ Եվ դուք, իմ սիրելիք, դառնում է նա դեպ կանգնած նորափեսաները, դո՛ւք ևս այս տարի առեցիք ձեր պարանոցի վրա այն քաղցր լուծը՝ ընդունելով ամուսնական խորհուրդը։ Այդ պատճառով, դուք նմանություն ունեք երկնավոր փեսային. ուրեմն ձե՛զ նորապսակներիդ է միայն արժան վառել այդ սուրբ կրակը, և ձեր մաքուր ձեռներով նվիրել սիրո աստծուն։

Երբ նորափեսաները մոտեցան կրակ տալու՝ քահանան արգիլեց նրանց ասելով.— դուք եկեղեցու կանոնները չգիտե՞ք։ Չէ՞ որ պետք է առաջուց հայտնել, թե ի՞նչ են ձեր ընծաները եկեղեցուն, որով ձեր զոհաբերությունը կլինի աստծուն ընդունելի և մարդկանց հաճելի։

Մինչ նորափեսաները ամոթխածությունից կարմրելով՝ ամաչում