Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշիվը մինչև կես գիշեր վերջանալու բան չէ. այսուամենայնիվ երեսդ թող սպիտակ լինի, շատ ապրիս, իմ աշխատասեր Մխիթար, քո շնորհիվ, բարեկենդանին կունենանք մի ճոխ ու բարիքներով լի խնջույք... այլևս ի՜նչ է պակաս մնացել...— ոչխա՜ր, գինի՜, արա՜ղ, փո՜ղ... արդարև ցանկալի՛ բաներ, դրանց անո՛ւնը միայն — զվարճություն է բերում...

Մի փոքր ծիծաղելով, մի փոքր կատակելով, երբեմն Մըխոյի հետ, երբեմն յուր մոտ կանգնած մարդկանց հետ, տեր Մարկոսը, յուր կեղծավոր զվարճախոսությամբ շահում էր ամենի սրտերը, և բոլորեքյանք շնորհակալ և գոհ էին նրանից, որ այնպես ուրախ և ծիծաղադեմ քահանա ունին։

— Դե՜հ, որդիք, առաջ եկեք,— ասաց քահանան, յուր ձեռքի օրհնած մոմով վառելով նրանց պատրույգները.— դե՛, հրամեցեք և կրակը վառեցեք։ Աստված քո որդուն էլ փոխ անե, պարոն Թորոս, բարով քո որդու ձեռքն էլ այս կրակը վառե, պարոն Սարխոշ,-ասում էր անդադար տեր Մարկոսը, գյուղի իշխանների սիրտը շահելով, որոնց որդիքը առաջիկա տարին պիտի պսակվեին։

Քահանայի ասելն և ցամաք վառելիքի գռռալը մեկ եղավ: Թանձր ծուխը, կանաչ-կարմիր բոցերի հետ բարձրացավ մինչև ժամատան կաթուղիկեն։ Խառնիճաղանջ ամբոխը միմյանց դիպավ։ Կրկին տիրեց խառնակություն... Սնոտիապաշտությունը մի վայրենի և կատաղի հոգեզմայլություն ազդեց ռամիկների սրտի վրա։ «Հա՜յ.. հո՜ւյ... հարա՜յ... հրո՛ց, ծիծաղ, աղաղակ, երգ և շարական, բոլորը միմյանց խառնվեցան...։ Տեր Մարկոսի զգուշացուցիչ աղաղակները այլևս չէին օգնում և եթե ժամկոչ Մըխոն այնքան ճարտար և աչքաբաց մարդ չլիներ՝ և շուտով չհավաքեր սրբությունները, շատ կարելի է գիրք, գրքակալ, խաչ, Ավետարան, շարական և մաշտոց, բոլորը միասին՝ նվիրական կրակի առողջ կերակուր կդառնային... Մոլեռանդության լոկ կատաղի երևույթները չէին հանդիսանում այստեղ, այլ կրոնը ձևացնում էր մի կախարդական կատակերգություն՝ երբ ժողովուրդը դյութական և մոգական զգացողությամբ ոգևորված՝ պտտվում էր խարույկի չորս կողմով և կամ լոք էր տալիս և թռչկոտում էր նրա վրայով։

Սուրբ տյառընդառաջը այդքանով միայն չէ վերջանում։ Այնուհետև ամեն մի գյուղացի ջերմեռանդությամբ վառում է յուր ձեռքի մոմը «նվիրական կրակով», որ այդ մոմով, նրանցից ամեն մինը վառե յուր տան կտուրի վրա պատրաստած խարույկը։

Երբ ամենից առաջ այդ մարդկանց բազմությունը, շտապելով