Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նրա՛ համար, որ նա մի «նոր մարդ» է։

— Ի՞նչ ասել է «նոր մարդ»։

— Մի մարդ, որ ունի առողջ խելք, գիտե ճշմարիտ կերպով մտածել, և ունի խելացի կերպով ընտրություն անելու ընդունակություն։

— Ուրեմն, մենք չգիտե՞նք մտածել, և մեր ընտրությունները անխ՞լք են,— նրա խոսքը կտրեց տիկին Սկուհին։

— Դուք մտածել չգիտե՛ք և չունիք խելացի ընտրություն, որովհետև դուք հետևում եք հնությանը, ինչ որ տեսել և սովորել եք ձեր պապերից՝ ձեզ համար սո՛ւրբ է։

Տիկին Սկուհին չգիտեր, թե ինչ պատասխաներ և կամենալով կրճատել այդ խոսակցությունը, ասաց.

— Բավական է քույրիկ, կանանց արժան չէ խոսել այդպիսի խորունկ առարկաների վրա, որոնց նրանց միտքը չէ՝ կարող հասնել:

— Ինչո՞ւ, կնիկները մարդ չե՞ն, կնիկները միշտ իրանց խավար տգիտությա՞ն մեջ պետք է մնան։

— Կանանց տրված է գիտնալ իրանց տնտեսական գործերը և իրանց տան կառավարությունը։

— Այսինքն թե ինչպես պետք է թոնիրը վառել, հաց թխել, կերակուր եփել, այդպես չէ՞,— կատակելով ավելացրուց տիկին Սալլաթինը։

ԺԱ

ՆՅՈՒԹԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Երկու քույրերը, այնքան հակառակ իրենց գաղափարներով, այդպիսի խոսակցությամբ տաքացած՝ տեսան իրանց առջև Հովասաբենց տան դուռը։ Երեք անգամ զարկեցին մուրճը։ Աղախինը՝ հասուն և լիքը հասակով մի աղջիկ, բացեց դուռը, և ուրախությամբ ներս վազեց, խնամիների գալուստը յուր տիկնոջ հայտնելու:

Տիկին Թարլանը, այսպես էր հարսնացուի մոր անունը, իսկույն ընդառաջ գնաց հյուրերին, և յուր երկրի գեղեցկախոսության ոճով, սկսեց բարևել նրանց գալուստը։

— Բարով, բարով, իմ թանկագին բարեկամներ,— ասաց նա գրկախառնվելով,— այս մի անսպառ ուրախություն է ինձ համար, երբ ես բախտավոր եմ գտնվել վայելելու ձեր այցելության շնորհքը,